Վրաստանում բացահայտվել է թմրանյութերի մաքսանենգության խոշոր առաքման ցանց՝ արտասահմանից անօրինական նյութերն ուղարկվել են փոստով՝ քողարկված որպես սննդային հավելումներ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Այս գործով ձերբակալվել է հինգ անձ՝ Վրաստանի, ՌԴ, Ղրղզստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նախարարությունը չի հստակեցրել, թե արդյոք այդ անձինք կապված եղել են միմյանց հետ։
«Քննությունը պարզել է, որ ձերբակալվածները պլանավորել են վաճառել թմրանյութեր և հոգեմետ նյութեր առանձնապես խոշոր չափերով, որոնք արտասահմանից նրանց առաքվում էին քողարկված ծանրոցներով», — հայտնել է նախարարությունը։
Թմրանյութեր ուղարկողի ինքնությունը նույնպես անհայտ է։ Ոստիկանությունը իրականացրել է ծանրոցների վերահսկվող առաքում, որը «հաստատել է կասկածյալների հանցավոր մտադրությունը»։
Ծանրոցներից և կասկածյալների տներից որպես իրեղեն ապացույց առգրավվել է առնվազն 20 կիլոգրամ թմրանյութեր և հոգեմետ նյութեր։ Դրանց թվում են 311 MDMA հաբ, մինչև 9 կիլոգրամ մեֆեդրոն, ավելի քան 2 կիլոգրամ մեթադոն, մինչև 4 կիլոգրամ հաշիշ, մինչև 1.5 կիլոգրամ կլեֆեդրոն, մարիխուանա, ինչպես նաև հոգեմետ նյութ՝ կետամինի և ալֆա-ՊՎՊ թմրանյութի խառնուրդ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով, որոնք ներառում են թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը և պահպանումը, նմանատիպ գործողությունների փորձը, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առանձնապես խոշոր չափերով վաճառքին օժանդակում։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։



