Ախալքալաքում ներկայումս չկան վարորդական իրավունք ստանալու համար լիարժեք գործնական ուսուցման հարմարություններ: Քաղաքում կա միայն մեկ ավտոդպրոց, որն առաջարկում է տեսական մասի ուսուցում, այլ ոչ թե գործնական: Դրանից հիմնականում օգտվում են 17 տարեկանները, ում քննությունը հանձնելու համար անհրաժեշտ է տեսական դասընթացն ավարտելու հաստատող փաստաթուղթ:
Ընդամենը երեք տարի առաջ Ախալքալաքում գործում էր ավտոդպրոց, որը առաջարկում էր վարորդական դասընթացներ: Սակայն այն գտնվում էր ծայրահեղ վատ վիճակում: ԽՍՀՄ-ից ժառանգած «ԴՈՍԱԱՖ» դպրոցը տեսական դասընթացներ էր անցկացնում կիսախարխուլ շենքում՝ բուկլետներով և միայն երկու հին պրակտիկայի համար նախատեսված մեքենաներով: Ուսուցման հնարավորությունները սահմանափակվում էին շենքի հետևում գտնվող դաշտով, որտեղ չկար համապատասխան վարժահարթակի հնարավորություն: Սակայն այսօր վարորդություն պարապելու ոչ մի հնարավորություն չկա:
Ներկայումս նախկին վարորդական դպրոցի շենքը համարվում է վթարային, և դպրոցը փաստացի տեղափոխվել է ՆԳՆ Ծառայությունների գործակալության մասնաճյուղի կողքին գտնվող փոքրիկ վագոն։ Վագոնը ջեռուցվում է, ներսում դրված է մի հին համակարգիչ՝ տեսական քննությունների համար։ Ավտոդպրոցի ղեկավարը վստահեցնում է, որ եթե տարածք ունենային, կարող էին վարելու համար վարժահարթակ ստեղծել։ Սակայն իրավիճակն այլ է։
«Մենք վճարում էինք հողի հարկ, կար հողամաս, բավարար հողատարածք՝ վարելու հնարավորություն ունենալու համար։ Բայց հիմա այդ հնարավորությունն այլևս չկա», — ասում է ավտոդպրոցի տնօրեն Մաքսիմ Գիլոյանը։
Շենքը կիսախարխուլ է, իսկ տեղը, որտեղ բնակիչները նախկինում պրակտիկա էին անցնում վարորդական դասընթացի երկրորդ փուլի համար, այժմ պատկանում է Ներքին գործերի նախարարությանը։ Ավտոդպրոցի ղեկավարությունը դիմել է տեղական իշխանություններին՝ խնդրելով վարժահարթակի համար այլ տեղում հող վարձակալելու հնարավորություն, բայց նրանց առաջարկվել է հողն աճուրդի միջոցով գնելու տարբերակը։
«Ինձ պատասխանեցին, որ չեն կարող վարձակալել հողը, ասացին, որ կարող են վաճառել այն։ Ինձ մեկ հեկտար հող էր պետք, իսկ դա մեծ գումար է։ Այն գնելն անհնար է. աճուրդի միջոցով շատ մեծ գումար կկազմի, իսկ հետո պետք է կառուցել այն, կահավորել և ասֆալտապատել։ Մենք հաշվարկեցինք, որ հողը կարժենա մոտ 86 000 լարի, իսկ ասֆալտի համար՝ մոտ 100 000 լարի պետք կլինի՝ տիպիկ վարորդական հրապարակ կառուցելու համար։ Եվ պետք է նաև մեքենաներ գնել։ Դա ահռելի գումար է», — ասում է նա։
Մաքսիմ Գիլոյանը նշում է, որ չնայած բնակիչները կարող են Ախալքալաքում հանձնել հրապարակում վարորդական քննությունը, ապա նրանք չեն կարող հանձնել երրորդ փուլը՝ վարորդական քննությունը քաղաքային պայմաններում։ Նա ընդգծում է, որ կարևոր է, որ քննություն հանձնողները հնարավորություն ունենան լիարժեքորեն պարապել և սովորել վարել լավ պայմաններում։ Ներկայումս շատերը պարզապես անգիր են անում քննությունները, մի քանի փորձից հանձնում են հրապարակում գործնական քննությունը, բայց հետո բազմիցս ձախողվում են քաղաքային քննության պարագայում։ Նրանք մեծ գումարներ են ծախսում դրա վրա, ապա հուսահատությունից պարզապես գնում են վարորդական իրավունք ստանալու այլ տեղ, որտեղ ավելի հեշտ է։ Ավտոդպրոցի տնօրենի խոսքով՝ հենց սա է պատճառը, որ թույլ են տրվում սխալներ, ինչպիսիք են չթույլատվող տեղում կայանումը, ճանապարհային նշանների անտեսումը և շատ ավելին։
Ախալքալաքի ավտոդպրոց հաճախում են հիմնականում 18 տարեկանից փոքր երիտասարդները: Վարորդական քննություն հանձնելու համար նրանց անհրաժեշտ է թեորետիկ մասի ուսուցման վկայական: Նրանք գրանցվում են ավտոդպրոցում՝ վճարելով 80 լարի: Կախված սեզոնից՝ ամսական դասընթացն ավարտում է 10-15 ուսանող: Նշենք, որ Ախալքալաքի ավտոդպրոցը գործում է Խաշուրիի ավտոդպրոցի հետ կնքված պայմանագրով, և Ախալքալաքում վարորդական կանոններին տիրապետելուց հետո ուսանողները հնարավորություն ունեն վարելու դասերն անցնել Խաշուրիում: Սակայն Խաշուրի հասնելն ավելի թանկ է, քան Ախալցիխե, ուստի ուսանողների մեծ մասն այնտեղ է գնում վարորդական դասերի:
«Ստացվեց այնպես, որ վարորդական քննությանը մասնակցելու համար ուսանողներին անհրաժեշտ էր ավտոդպրոցի կողմից տրված վկայական, սա վերաբերում է 18 տարեկանից փոքր անձանց: Դրա համար նրանք կրկին ստիպված էին մեկնել Ախալցիխե, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր: Այսպիսով, մենք որոշեցինք անել այսպես. այն ժամանակ, երբ շատ մարդիկ կային, ովքեր ցանկանում էին վարորդական իրավունք, մենք ինքներս մեր ուժերով տեղադրեցինք այս վագոնն այստեղ: Այս տարի մենք այն բացեցինք և հայտնաբերեցինք, որ երկար ժամանակ մնալուց հետո այն փտել էր։ Մենք այն ամբողջությամբ վերանորոգեցինք՝ ստեղծելով տեսական դասավանդման և թույլտվություն տրամադրելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Որովհետև սա վերաբերում էր ոչ միայն Ախալքալաքի, այլև Նինոծմինդայի բնակիչներին», — պատմում է Մաքսիմ Գիլոյանը։
Ախալքալաքի տարբեր տարիքի բնակիչները նշում են, որ եթե բացվի լավ հագեցած ավտոդպրոց, որտեղ նրանք կարող են իրապես սովորել վարել քաղաքային պայմաններում, շատերը կցանկանան սովորել տեղում և ստիպված չեն լինի մեկնել այլ քաղաքներ կամ երկրներ՝ իրենց վարորդական իրավունքները ստանալու համար։






