Մարտի 24-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ախալքալաքի բիզնեսի ներկայացուցիչների և ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» ներկայացուցիչների հանդիպումը։ Ձեռնարկատերերը դժգոհություն հայտնեցին իրենց ստացած բազմահազարանոց ջրի վճարների վերաբերյալ, իսկ ընկերության ներկայացուցիչները խոստացան, մինչև հանգամանքների պարզաբանումը, ժամանակավորապես կասեցնել հաշիվները փակելու գործընթացը և նրանց պատասխանատվության ենթարկելը։
Նրանց պահանջով, բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման էին եկել ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» ներկայացուցիչները՝ մարզային մենեջեր Դավիթ Էլիաուրին և եկամուտների ծառայության ղեկավար Զուրաբ Գոգոլաձեն։ Հանդիպմանը մասնակցում էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Դավիթ Էլիաուրին և Զուրաբ Գոգոլաձեն լսեցին ձեռնարկատերերի բողոքներն ու դժգոհությունները։ Հանդիպման մասնակիցները դժգոհություն հայտնեցին ջրի անհիմն բարձր վճարների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանց հետաքրքրում էր, թե ինչու իրենք չեն համարվում բաժանորդ, ինչ սկզբունքով են հաշվարկումները կատարվել և ինչ հիմքով են հաշվարկվել տասնյակ հազարավոր լարիները։
Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ տեղյակ չեն եղել նման բարձր վճարների մասին: Նրանք նաև զարմացած էին, որ շատ ձեռնարկատերեր գրանցված չեն որպես բաժանորդ և նրանց մոտ չկան տեղադրված հաշվիչներ: Նրանց խոսքով, իրենք ենթադրել են, որ գործարարներն ապամոնտաժել են տեղադրված հաշվիչները:
Ձեռնարկատերերից մեկը՝ Արթուր Ալբերտյանը, նշեց, որ այս ստեղծված իրավիճակի համար մեղավոր է հենց ընկերությունը և պատասխանատվությունը նրա վրա է։
«Աշխատակիցները 2010 թվականին հաշվիչ տեղադրելու համար եկան ինձ մոտ, ասացին, որ հետո կգան, կասեն արժեքը, ու հեռացան: Ես վճարում եմ էլեկտրաէներգիայի և գազի համար, ինչու չպետք է չվճարեմ ջրի համար: Ինչու ես մինչև հիմա բաժանորդ չեմ: Սա ձեր մեղքն է», — ասաց նա:
Գործարարները շեշտեցին, որ իրենք հրաժարվում են իրենց ուղարկված հաշիվները վճարելուց: Շատերն արդեն դիմել են Վրաստանի ազգային կարգավորման հանձնաժողով և սպասում են պատասխանի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան իրավական գործողություններ ձեռնարկել: Սակայն հայց ներկայացնելու համար պահանջվում է վճարել վիճարկվող գումարի 3%-ը որը, հաշվի առնելով բարձր վճարները, դառնում է նշանակալից ֆինանսական բեռ:
Գործարար Միշա Ղրմաջյանը պատմեց հաշվարկներում առկա անհամապատասխանությունների մասին.
«Ստուգման ժամանակ ընկերության աշխատակիցը նշել է 20 մմ խողովակի տրամագիծ, բայց հաշվարկը 25 մմ-ի համար է եկել: Ավելին, անհասկանալի է, թե ինչ հիմքով են հաշվարկվել տուգանքները: Եթե ես դատական հայց ներկայացնեմ, ստիպված եմ լինելու վճարել այդ գումարի 3%-ը: Եթե ես հաղթեմ, ընկերությունը պարտավոր կլինի հոգալ այդ ծախսերը: Բայց ինչպես մասնակցեմ գործընթացին, եթե Ախալցիխեում կայանալիք նիստի հրավերը (խմբ. «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» կողմից քննվող գործերի համար) բերում են նրա սկսվելուց 30 րոպե առաջ», — նշեց նա:
Հանդիպման շատ մասնակիցներ վրդովմունք հայտնեցին, որ ընկերությունը ջրաչափի տեղադրման համար գանձում է 1200 լարի, մինչդեռ դրա շուկայական արժեքը մոտավորապես 35 լարի է: Նրանք պնդում են, որ 1200 լարի վճարելով՝ բաժանորդները չեն ստանում իրենց ջրամատակարարման և կոյուղու համակարգերի արդիականացում, այլ պարզապես նրանց համար ջրաչափ է ավելացվում առկա համակարգին։
Վաղարշակ Շահբեկյանը նշեց, որ մի շարք օբյեկտներր նախկինում համարվում էին բաժանորդներ և կանոնավոր կերպով վճարում էին իրենց ջրի վարձը.
« Ջրագիծը և կոյուղին համապատասախանացրեք ստանդարտներին, տեղադրեք ջրաչափ, հետո նոր պահանջեք 1200 լարի: Բայց դուք ոչինչ չեք անում և պարզապես գումար եք պահանջում: Այսպես աշխատել չի կարելի», — հայտարարեց նա։
Բողոքներ հնչեցին նաև որպես բարձրալեռ շրջան բարձր սակագնի սահմանման մասին, և, որ մեր ջուրն անվտանգ չէ։
Վլադիմիր Խաչատրյանը նշեց, որ որոշ տեղերում խմելու ջուրը պարզապես հոսում է դեպի գետը կամ դրա կողքերով։ Նա ընկերության ներկայացուցիչներին տրամադրեց նախօրեին տվյալ հատվածում արված լուսանկարներ։
Ձեռնարկատերերը պահանջեցին չեղարկել հաշվարկված վճարները։
Իր հերթին, ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ չեն կարող անմիջապես պատասխանել բոլոր հարցերին, քանի որ բարձրացված խնդիրներից շատերի մասին իրենք տեղյակ չէին: Դավիթ Էլիաուրին կոչ արեց ձեռնարկատերերին իրենց բողոքները ներկայացնել գրավոր ձևով և ուղարկել իրեն։
«Ես տեղյակ չէի նման բարձր հաշվարկներին։ Այս պահին չեմ կարող կոնկրետ պատասխան տալ, այս հարցը պահանջում է ուսումնասիրություն։ Ես բոլոր բողոքները կուղարկեմ Ազգային կարգավորող հանձնաժողովին», — ասաց նա։
Հանդիպման ավարտին ընկերության ներկայացուցիչները ձեռնարկատերերին խորհուրդ տվեցին, ժամանակավոր, մինչև իրավիճակի վերջնական պարզումը դադարել վճարումներ կատարելը։
Ախալքալաքի և Նինոծմինդայի բիզնեսը վրդովված է ջրի բազմահազարանոց հաշիվներից




