2026 թվականի ապրիլի 2-ից ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման նոր կանոն է սահմանել: Մասնավորապես, B1/B2 (զբոսաշրջային/բիզնես) վիզա ստանալու համար անհրաժեշտ կլինի վճարել 5000-ից մինչև 15 հազար դոլար ավանդ (դեպոզիտ):
ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ Վրաստանի քաղաքացիները հյուպատոսության սահմանած ավանդը պետք է վճարեն հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո, իսկ եթե վճարումը չկատարվի, վիզա չի տրամադրվի:
«Մի՛ վճարեք ավանդը նախապես: Հարցազրույցից հետո, եթե բավարարեք B1/B2 կատեգորիայի վիզայի պահանջները, հյուպատոսության սպան ձեզ կներկայացնի հրահանգները, թե ինչպես պետք է վճարել ավանդը», — հայտնել է ԱՄՆ դեսպանատունը:
Ով է որոշում ԱՄՆ-ում մնալու տևողությունը
Ավանդային ծրագրի շրջանակներում B1/B2 կատեգորիայի վիզայի դիմորդները, որոնք կբավարարեն վիզայի պահանջները, հյուպատոսից կստանան մինչև 3 ամիս տևողությամբ մեկանգամյա մուտքի վիզա: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում մնալու վերջնական տևողությունը որոշում է ոչ թե վիզան, այլ սահմանին ԱՄՆ ներքին անվտանգության վարչության ներգաղթի սպան, որը երկիր մուտք գործելիս սահմանում է կոնկրետ ժամկետ:
«Անձնագրում ԱՄՆ վիզայի առկայությունն օտարերկրյա քաղաքացուն իրավունք է տալիս խնդրել Միացյալ Նահանգներ մուտք գործելու թույլտվություն: Վիզան միայն հաստատում է, որ ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսությունում ձեր դիմումը քննել է հյուպատոսական սպան և որոշել, որ դուք որակավորված եք ԱՄՆ սահմանային կետ մեկնելու համար: Սահմանային կետում ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի ներգաղթի սպան է որոշում երկիր մուտք գործելու իրավունքն ու տևողությունը», — պարզաբանել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Դեսպանատան փոխանցմամբ՝ կարգավորումը չի տարածվում արդեն տրված վիզաների վրա:
«Վիզայի ավանդի պահանջը հետադարձ ուժ չունի և չի տարածվի արդեն տրված, վավեր B1/B2 կատեգորիայի վիզա ունեցողների վրա: Կանոնակարգերը կտարածվեն Վրաստանի բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք աշխարհի ցանկացած երկրում կդիմեն B1/B2 կատեգորիայի վիզայի համար:
Վիզայի ավանդ ունեցող անձինք չեն կարող օգտվել չարտերային ավիացիոն, ընդհանուր ավիացիոն, ցամաքային կամ ծովային մուտքի նավահանգիստներից»,—նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ Bpn.ge

