Ախալքալաքում թիվ 5 հանրային դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) տարածքում գտնվող թիվ 16 նոր մանկապարտեզի բացումը, կահույքի ուշացման պատճառով, կրկին անորոշ ժամանակով հետաձգվում է։
Նոր մանկապարտեզը, որին արդեն տրվել է 16 համարը, շահագործման է հանձնվել անցյալ տարի։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքում չկան գործող նախադպրոցական հաստատություններ, և շատ ծնողներ, իրենց երեխաներին այնտեղ ուղարկելու համար, անհամբեր սպասում են նոր մանկապարտեզի բացմանը, նրա բացումը մինչ օրս հետաձգվում է կահույքի բացակայության պատճառով, որը պետք է ապահովեր Մունիցիպալ զարգացման հիմնադրամը (MDF):
Մանկապարտեզների միավորումից այս տարվա սկզբին Jnews-ին հայտնել էին, որ կահույքի գնման մրցույթը հայտարարվել է անցյալ տարվա դեկտեմբերին և այն կայացել է։ Բացումը նախնականորեն նախատեսված էր մինչ ապրիլ։
Սակայն, մարտի վերջին Մանկապարտեզների միավորումը հայտարարեց, որ մանկապարտեզը մինչև ապրիլ չի բացվի, և բացման ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Նշվեց նաև, որ սպասքի գնման մրցույթն արդեն կայացել է։ Միավորման տեղեկատվության համաձայն, մրցույթները հայտարարվում են տարբեր վարչությունների կողմից համախմբված կարգով։
Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները, ինչպես նաև Կորխ գյուղի թիվ 17 մանկապարտեզը նույնպես ներառվել են սպասքի գնման մրցույթում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը հայտնեց, որ Սամցխե-Ջավախեթիի վարչակազմից ստացված տեղեկատվության համաձայն, կահույքի, սպասքի, կենցաղային ապրանքների, խաղալիքների և գրենական պիտույքների գնման բոլոր մրցույթներն արդեն կայացել են, ընկերություններն ընտրվել են, ու պայմանագրերը կնքվել են, սակայն նրանք դեռևս չեն կարող նշել կայուքի և այլ ապրանքների ստացման ճշգրիտ ամսաթվերը, քանի որ գնումները կատարվել են ոչ միայն Ախալքալաքի, այլև ամբողջ Վրաստանի համար։
Մինչ մանկապարտեզը սպասում է անհրաժեշտ սարքավորումների ստացմանը, տասնյակ ծնողներ, Ախալքալաքում, շարունակում են բախվել նախադպրոցական հաստատությունների բացակայության խնդրին: Մոտ երկու տարի առաջ քաղաքի երեք մանկապարտեզը միանգամից վերանորոգման և շինարարության նպատակով փակվեցին, ու արդեն երրորդ տարին է շատ երեխաներ չեն կարողանում հաճախել մանկապարտեզ:



