նորություններ 18 Մարտի, 2026 • Պատանի բանաստեղծ, 14-ամյա  Սերգեյը Խուլգումոից հրատարակել է իր սեփական գիրքը

14 տարեկանում, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղից, դպրոցական, Սերգեյ Մուրադյանն իր աշխատասիրության և համառության շնորհիվ արդեն հրատարակել է իր սեփական բանաստեղծությունների գիրքը։ Երիտասարդ բանաստեղծը գրում է Ջավախքի բնության, մարդկանց և նրանց ճակատագրերի մասին՝ ոգեշնչվելով իր ընտանիքից, Ջավախքի բնությունից և եկեղեցուց։

Սերգեյ Մուրադյանն առաջին հայացքից կաշկանդված, բայց ներքուստ ուժեղ 14-ամյա պատանի է Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղից։ Նա մայիսին կդառնա 15 տարեկան։ Նրա նպատակասլաց խոսելաձևը և լրջությունը թույլ չի տալիս միանգամից հավատալը, որ այդքան երիտասարդ է։ Սակայն, երբ սկսում ես պոեզիային չվերաբերող հարցեր տալ, ակնհայտ է դառնում նրա ամաչկոտությունն ու պատանի հասակը։

Սերգեյը ծնվել է 2011 թվականի մայիսի 6-ին Խուլգումո գյուղում, որտեղ էլ այժմ ապրում է։ Նա սովորում է գյուղի դպրոցի իններորդ դասարանում և ունի բավարար առաջադիմություն։ Սերգեյի մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը՝ մեխանիկ։ Ընտանիքն ունի երկու երեխա՝ Սերգեյը և նրա եղբայրը, ով հինգ տարով փոքր է նրանից։

Սերգեյն ասում է, որ պոեզիայի և հավատքի հանդեպ իր սերը եկել է իր ընտանիքից։ Նրա պապը, որի անունը նույնպես Սերգեյ Մուրադյան էր, բանաստեղծություններ էր գրում, բայց շատ երիտասարդ հասակում մահացել է, և նրա ստեղծագործություններն այդպես էլ չեն հրատարակվել։ Այսօր, կրտսեր Սերգեյն երազում է պապի բանաստեղծությունների առանձին գիրք հրատարակելու մասին։

Սերգեյը խորը հավատքով մարդ է։ Նրա հավատքը նրա մեջ սերմանել են ծնողները։ Երիտասարդ բանաստեղծը սիրում է հաճախել իրենց գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Խուլգումոն կաթոլիկ գյուղ է, և եկեղեցին կարևոր դեր է խաղում տեղի բնակիչների կյանքում։ Սերգեյի խոսքով, եկեղեցին իրեն շատ բան է սովորեցրել։ Նա արդեն չորս տարի է, ինչ օգնում է եկեղեցուն, աշխատում է որպես հոգևոր սպասավոր։

«Ես իսկապես մեծ հաճույք եմ ստանում եկեղեցում ծառայելուց։ Այնտեղ շատ բան եմ սովորում», — ասում է Սերգեյը։

Այնտեղ էլ նա ծանոթանում է է Հայր Ռուբեն Միսիսյանին, ու այդ հանդիպումը նրա համար լինում է ճակատագրական։ Քահանայի աջակցության շնորհիվ Սերգեյը 14 տարեկանում հրատարակում է իր սեփական բանաստեղծությունների գիրքը։

«Տեր Ռուբենի միջոցով ես ծանոթացա Մխիթարյան ճեմարանի քահանա Հայր Եղիայի հետ։ Մենք մտերմացանք։ Նա լսելով իմ բանաստեղծությունները ցանկացավ, որ ես ունենամ իմ սեփական գիրքը։ Եվ նրանք օգնեցին ինձ այն հրատարակել», — պատմում է Սերգեյը։

Սերգեյը բանաստեղծություններ գրել սկսել է ինը տարեկանից։ Նրա խոսքով, իր ոգեշնչման հիմնական աղբյուրը Ջավախքի բնությունն է։

« Ես բնությունը շատ եմ սիրում, Երբ նայում եմ բնությանը ոգեշնչվում եմ, ինձ մոտ ցանկություն է առաջանում բանաստեղծություններ գրել։ Ես սկսում եմ գրել, և այդպես են ծնվում նոր բանաստեղծությունները։ Իմ առաջին ունկնդիրներն իմ ընտանիքն է, հատկապես տատիկս», — ասում է պատանի բանաստեղծը։

Սերգեյի տատիկն է կարդացել նրա առաջին բանաստեղծությունները, հավանել դրանք, ու ոգեշնչել թոռանը շարունակել գրել։

Մինչ օրս Սերգեյը գրել է 44 բանաստեղծություն։ Դրանցից 37-ը ներառված են գրքում, որը հրատարակվել է Հայր Եղիայի և Մխիթարյան ճեմարանի աջակցությամբ։ Գիրքը կոչվում է «Թաց վերքեր»։ Այն հրատարակվել է չորս լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն։

«Իմ բանաստեղծությունները մարդկանց մասին են, մահվան մասին, մահացած երիտասարդների մասին, Եռաբլուրի մասին։ Ես վաղուց երազել եմ ունենալ իմ սեփական գիրքը։ Համարյա ոչ ոք չգիտի դրա մասին։ Նրանք կիմանան ձեր միջոցով», — ասում է Սերգեյը։

Գիրքը կարելի է գտնել Թբիլիսիի և Երևանի գրախանութներում։ Ախալքալաքում Սերգեյն ինքն է վաճառում այն։ Մինչ այժմ քչերը գիտեն նրա գրքի մասին, նույնիսկ նրա ուսուցիչներն ու դասընկերները չգիտեն։

Սերգեյը քիչ ընկերներ ունի։ Նա շփվում է երիտասարդական կենտրոնի իր հասակակիցների հետ, ուր հաճախում է, բայց նրանց ընկեր չի համարում։ Նրա խոսքով, ընտանիքի հետ շփումն իր համար բավարար է։

«Ինձ ուժ է տալիս ընտանիքս, հատկապես տատիկս՝ Նուրիցա Մուրադյանը», — ասում է նա։

Սերգեյը նաև դեկորատիվ մոմեր է պատրաստում և վաճառում, մասնակցում է «Գուրի Եթերի» պոեզիայի երեկոներին, հաճախում է երիտասարդական կենտրոն, սովորում է դհոլ նվագել, նախկինում հաճախել է նկարչական խմբակ։

Չնայած, Եկեղեցու հետ սերտ կապերին, Սերգեյը հոգևորական դառնալու մտադրություն չունի։ Նա երազում է իրավաբան դառնալ և մարդկանց օգնել։ նրա խոսքով, այս արժեքները նրան սովորեցնում է հենց եկեղեցին։

«Ես ուզում եմ իրավաբան դառնալ, քանի որ սիրում եմ մարդկանց հետ խոսել, քննարկել։ Ես հաճախ եմ տեսնում մարդկանց, ովքեր բախվում են անարդարության, վիրավորանքի, տխրության։ Ես ուզում եմ պայքարել անարդարության դեմ, որպեսզի մարդիկ հավասար լինեն և չգնահատվեն հարստության համար», — ասում է Սերգեյը։

Սերգեյը երազում է շարունակել ուսումը և ապրել Հայաստանում։

Նա հույս ունի, որ իր բանաստեղծությունները կգտնեն իր ընթերցողին։ Իսկ մինչ այդ, Սերգեյը շարունակում է գրել ոգեշնչվելով իր հայրենի Ջավախքի բնությամբ և ընտանիքի աջակցությամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝