նորություններ 18 Մարտի, 2026 • Վրաստանում բանտարկված քաղցկեղով հիվանդ ՀՀ քաղաքացին վաղաժամկետ ազատ արձակում է պահանջում

Բանտարկյալ Նարինե Սողոմոնյանի դուստրը կապ է հաստատել Jnews-ի հետ՝ խնդրելով օգնել խթանել, որ մոր ձայնը լսելի լինի պատկան մարմինների համար։ Նարինե Սողոմոնյանը 10 տարի ազատազրկման ժամկետից ութ տարուց ավելին կրել է։ Բանտարկության ընթացքում նրա մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք, և չնայած «քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրված անհրաժեշտ բժշկական օգնությանը», բանտային պայմաններում նրա առողջությունը միայն վատթարանում է։ Բանտարկյալը և նրա ընտանիքն ակտիվորեն ձգտում են վաղաժամկետ ազատ արձակման։

54-ամյա Նարինե Սողոմոնյանի դուստրը՝ Վարդուհին պատմում է մոր պատմությունը։ Նա Վրաստան է ժամանել 2018 թվականին, ձերբակալվել է սահմանը հատելիս և ութ տարի ազատազրկումը կրում է Գարդաբանի քաղաքի բանտում։

«Մենք այժմ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, իմ կրտսեր եղբոր հետ՝ վարձակալած բնակարանում։ Նա ունի առողջական խնդիրներ՝ տեսողության խանգարում և հոգեբանական խնդիրներ՝ մանկուց մայրական հոգատարությունից զրկվելու պատճառով։ Մենք չորս հոգի ենք այստեղ։ Մեր հայրը և երկու ավագ եղբայրներն աշխատում են արտասահմանում։ Մեր ծնողներից բաժանված լինելով՝ մենք ապրում ենք շատ դժվար պայմաններում և չենք կարողանում ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեր մորը, նույնիսկ այցելել նրան։ Իմ դիմումն ուղղված է բոլոր պատկան մարմիններին։ Խնդրում եմ անտարբեր չմնալ», — գրում է նա Jnews-ին ուղղված նամակում։

Նարինե Սողոմոնյանը պատիժ է կրում ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետով (թմրամիջոցների, դրանց անալոգների կամ պրեկուրսորների անօրինական պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահպանում, տեղափոխում կամ առաքում առանձնապես մեծ քանակությամբ) և ՔՕ 262-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով (խոշոր քանակությամբ միջազգային թմրամիջոցների, դրանց անալոգների կամ պրեկուրսորների անօրինական ներմուծում Վրաստան, արտահանում Վրաստանից կամ տարանցիկ փոխադրում, մաքսանենգություն):

«Մայրս դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Ցանկանում եմ նշել, որ նա երբեք նման խնդիրներ կամ քրեական անցյալ չի ունեցել։ Նաև տեղեկացնում եմ, որ տուգանքն ամբողջությամբ մարվել է։ Մեր ողջ ընտանիքի անունից խնդրում ենք, հաշվի առնելով նրա առողջական վիճակը (ախտորոշումը՝ ագրեսիվ չարորակ նորագոյացություն), նրան հնարավորինս շուտ ազատ արձակել՝ հիվանդության հետ կապված հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Բժշկի նշանակմամբ նրան խստիվ արգելվում է սթրես, ուժեղ հույզեր և ցանկացած հուզական լարվածություն»։

Հիվանդությունը դրսևորվել է, երբ Նարինեն աշխատում էր բանտի պահեստում։ Նա մեջքի ցավեր է ունեցել, ինչը նրան ստիպել է դիմել բժշկական զննման։ Հետագայում ախտորոշվել է չարորակ նորագոյացություն։ Դստեր խոսքով՝ դատապարտվելուց առաջ նա առողջական խնդիրներ չի ունեցել։ Վարդուհին նաև ընդգծում է, որ իրենք անչափ շնորհակալ են Վրաստանին և բանտի վարչակազմին՝ ձեռնարկված բոլոր միջոցառումների համար՝ ախտորոշումից մինչև բուժում։ Սակայն նրա ազատազրկումը բացասաբար է ազդում նրա բուժման և առողջության վրա։

«Մեր մայրն ընտանեկան ջերմության և հոգատարության խիստ կարիք ունի։ Վերադառնալով իր ընտանիք՝ մենք կկարողանանք օգնել նրան հնարավորինս բարելավել իր առողջությունը։ Վերջապես կկարողանանք լրացնել այս տարիների բացը և փոխանցել մեր կուտակած սերն ու ջերմությունը։ Մենք բոլորս շատ ծանր ենք տանում նրա բացակայությունը. դա ազդում է մեր աշխատանքի, անձնական կյանքի և մեր կյանքի յուրաքանչյուր ասպարեզի վրա», — իր կոչում նշում է Վարդուհի Անդրեասյանը։

Նարինեն անձամբ կապ է հաստատել Jnews-ի հետ և բացատրել, որ խտրականություն է համարում այն, որ նույն բանտում նույն ժամկետով և պատժով գտնվող այլ կալանավորներ արդեն վաղաժամկետ ազատ են արձակվել, մինչդեռ իր դեպքում հաշվի չի առնվում այն փաստը, որ նա քաղցկեղով հիվանդ է և կարիք ունի ոչ միայն բուժման, այլև ընտանեկան խնամքի։

«Մայիսին կլինի ևս մեկ հանձնաժողով։ Կարևոր է, որ նրանք տեսնեն իմ վիճակը՝ ճաղատ գլխով, ամբողջովին հյուծված։ Քիմիաթերապիան սարսափելի մի բան է։ Ես ութ տարի լուռ նստած եմ, որպեսզի կարողանամ ազատության մեջ լինել իմ երեխաների հետ։ Ես հանցագործ չեմ, այսպիսին է պարզապես իմ ճակատագիրը։ Ես առողջ կին էի, և այստեղ հիվանդացա քաղցկեղով։ Ես ուզում եմ պաշտպանել իմ իրավունքները։ Ես կարող եմ օրինականորեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Ինձ երեք անգամ մերժել են։ Նրանք որպես պատճառ նշում են խախտումները (խմբ. պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու համար) բանավոր կոնֆլիկտը։ Նույնիսկ ընտանիքների ներսում բանավոր կոնֆլիկտներ լինում են ։ Ինձ ինչ-որ բան են ասել, ես էլ պատասխանել եմ։ Ես ոչ մեկի մատով չեմ դիպչել, ես վարչակազմի դեմ ոչինչ չեմ արել», — պատմում է նա։

Քաղցկեղն ախտորոշելուց հետո Նարինեն այլևս չի աշխատում բանտում, այլ զբաղվում է ձեռագործությամբ։

«Այստեղ ես օրերով կորցնում եմ տեսողությունս, հրաշքներ եմ ստեղծում, սրբապատկերներ եմ պատրաստում։ Ինձ ոչինչ պետք չէ, ուզում եմ միայն երեխաներիս հետ լինել։ Եվ հիմա, բոլոր դժբախտություններիս քաղցկեղն էլ է ավելացել։ Ուզում եմ դուրս գալ և մնացած ժամանակս երեխաներիս հետ անցկացնել։ Բժիշկները կտրականապես արգելում են ինձ նյարդայնանալ, իսկ այս պայմաններում դա անհնար է։ Ես այնքան ժամանակ եմ անցկացրել, որ ամեն ինչ հասկացել եմ, թող ինձ ազատ արձակեն։ Ես ցմահ դատապարտված չեմ։ Ես դիմել եմ Վրաստանի նախագահին համաներման համար։ Իմ մեղադրանքներով, նույն հոդվածներով և բազմաթիվ խախտումներով դատապարտված մարդիկ ազատ են արձակվել, բայց ես այստեղ մնացել եմ այս ախտորոշմամբ», — ասում է նա։

Մարտի 10-ին Նարինե Սողոմոնյանին բանտում այցելել են Վրաստանի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։ Jnews-ի տեղեկությամբ՝ Վրաստանի ՄԻՊ գրասենյակը ուսումնասիրում է գործը։ Գրասենյակը հրաժարվեց մանրամասներ փոխանցել՝ հղում անելով անձնական տվյալներին, որոնք տրամադրվում են միայն ընտանիքին կամ փաստաբանին։

«Մենք ուսումնասիրում ենք նրա բոլոր խնդիրները, ինչի առթիվ էլ նա մեզ դիմել է։ Մենք ընթացքի մեջ ենք։ Սակայն սա ամբողջությամբ անձնական տեղեկատվություն է, և մենք չենք կարող այն հրապարակել», — մեզ ասացին Վրաստանի ՄԻՊ գրասենյակից։

Վրաստանում Հայաստանի հյուպատոսությունը նույնպես զբաղվում է այս գործով։ Հյուպատոս Եվա Ահարոնյանը հաստատեց, որ ՀՀ քաղաքացի Նարինե Սողոմոնյանը դիմել է իրենց։

«Մենք անում ենք մեր լիազորությունների շրջանակներում հնարավոր ամեն ինչ, այսինքն՝ արվել է այն ամենը, ինչ մենք կարող էինք անել։ Սակայն որոշումը կայացնում են Վրաստանի պատկան մարմինները։ Հայաստանն իր հերթին պաշտոնապես դիմել է Վրաստանին, որպեսզի թույլ տա այս կնոջը իր պատժի մնացած մասն անցկացնել Հայաստանում, սակայն վրացական կողմը մերժել է»։

Հյուպատոսը կապի մեջ է Նարինե Սողոմոնյանի և նրա ընտանիքի հետ։ Հյուպատոսությունը նաև իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել։ Հյուպատոսի խոսքով՝ նա այնտեղ աշխատում է 2023 թվականից և իրենց պրակտիկայում նմանատիպ դեպքեր չի ունեցել։ Այժմ, նրա խոսքով, որոշումը Վրաստանինն է։ Նա նշում է, որ կալանավորը ստանում է համապատասխան բժշկական օգնություն։

«Վրաստանը հոգ է տանում նրա մասին՝ հաշվի առնելով նրա առողջական խնդիրները։ Կատարվել է և՛ բուժում, և՛ վիրահատություն։ Այլ կերպ ասած՝ բուժումը հետևողականորեն է իրականացվում», — ասում է ՀՀ հյուպատոս Եվա Ահարոնյանը։

Նարինեի խոսքով՝ նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է։ Վերջերս որոշվել է անցկացնել ճառագայթային քիմիաթերապիա։

Jnews-ը նաև խորհրդակցել է իրավաբանների հետ՝ պարզելու համար, թե ինչ այլ գործողություններ կարող են ձեռնարկել կալանավորը կամ նրա հարազատները նման դեպքերում, եթե պայմանական վաղաժամկետ ազատումն անհրաժեշտ է անձի առողջության համար։ Իրավաբանների խոսքով՝ մեկ տարբերակ կարող է լինել, որ կալանավորի հարազատները դիմեն Վրաստանի նախագահին՝ համաներում շնորհելու համար։ Նրանք կարող են նաև խնդրել ստեղծել հատուկ հանձնաժողով՝ կալանավորի առողջությունը գնահատելու նպատակով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝