Ախալքալաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է մեկ տղամարդ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց արդեն կիրառվել է ազատազրկում։ Մեղադրյալի փաստաբան Նուգզար Սամարջիշվիլիի խոսքով՝ նրա պաշտպանյալը ընդունում է մեղքը, հաղորդում է sknews.ge տարածաշրջանային պորտալը։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 3-րդ մասով, որը ներառում է թմրամիջոցի, դրա անալոգի, նախորդող կամ նոր հոգեակտիվ նյութի ապօրինի ձեռքբերում և (կամ) պահպանում։ Նրան սպառնում է 8-ից 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։
Ինչպես sknews.ge-ի հետ զրույցում ասել է Սամարջիշվիլին, նրանք որպես խափանման միջոց խնդրել են գրավի դիմաց ազատ արձակել կալանավայրից, սակայն դատավորը չի բավարարել նրանց խնդրանքը և մեղադրյալին թողել է կալանքի տակ։ Նրա խոսքով՝ մեղադրյալին մեղադրանքը առաջադրվել է 2,5 կիլոգրամ չորացծված մարիխուանա պահելու մեջ։
Ինչպես դատավարության ժամանակ հայտարարել է մեղադրյալը, նա մեղվաբույծ է և չորացրած մարիխուանան իրեն պետք է եղել իր մեղուների համար։
Հաջորդ դատավարությունը տեղի կունենա մայիսի 7-ին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Նինոծմինդայում, Ադիգենիում և Ախալցխայում թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով ձերբակալվել են ևս երեք անձինք։ Մեղադրյալների մոտ հայտնաբերվել է թմրանյութերի փոքր քանակություն և նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասով, որը թմրամիջոցի, դրա անալոգի, նախորդողի կամ նոր հոգեակտիվ նյութի ապօրինի ձեռքբերումը կամ պահպանումն է, ինչը պատժվում է մինչև վեց տարի ազատազրկմամբ։



