նորություններ 16 Մարտի, 2026 • Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Դատարանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեին դատապարտել է տասը տարվա ազատազրկման։ Նա նաև երկու տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Որոշման մասին հայտարարել է դատավոր Նինո Գալուստաշվիլին։

Դատարանը Միքաուտաձեին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքների մասով։

Դատարանի որոշման համաձայն՝ Ռոմեո Միքաուտաձեից բռնագրավման ենթակա է հետևյալ գույքը՝ Իսպանիայում 120 քառակուսի մետր մակերեսով բնակարան, մեքենաներ, Ծերովանիում 1200 քառակուսի մետր մակերեսով առանձնատուն, Նախիդուրի ՀԷԿ-ի 15 տոկոսանոց բաժնեմաս, ինչպես նաև խուզարկության ընթացքում առգրավված իրեր։

Նախորդ դատական նիստում Ռոմեո Միքաուտաձեն օգտվել էր վերջնական խոսք ասելու իր իրավունքից և հայտարարել էր «խոստովանելու գոյություն չունեցող հանցագործությունը, փոխհատուցելու գոյություն չունեցող վնասը և կնքելու պրոցեսուալ համաձայնագիր»։ Դատախազությունը, սակայն, պարզաբանել է, որ Միքաուտաձեն չի ընդունում մեղքը, իսկ այդ պարագայում պրոցեսուալ համաձայնագիր չի կարող կնքվել։

Տեղեկատվության համար. Իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսի 20-ին ձերբակալել էին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին առաջին փոխնախարարին։

Ռոմեո Միքաուտաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ 333-րդ հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որը հանգեցրել է ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքների կամ հասարակության կամ պետության օրինական շահերի խախտմանը։ Այս հանցագործությունը նախատեսում է տուգանք, տնային կալանք՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ մինչև երեք տարի ժամկետով։ Այն նաև նախատեսում է որևէ պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հնարավորություն՝ մինչև երեք տարի ժամկետով։

Բացի այդ, Միքաուտաձեին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։ Այս հանցագործությունը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հետ միասին՝ մինչև երեք տարի ժամկետով։

Միքաուտաձեին մեղադրանք է առաջադրվել նաև ՔՕ 337-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կամ դրան համարժեք անձի կողմից անձամբ կամ այլ անձի միջոցով ձեռնարկություն, հաստատություն կամ կազմակերպություն հիմնադրելու, արգելքի խախտմամբ դրանց կառավարմանը մասնակցելու և հովանավորչության միջոցով ապօրինի օգուտներ և առավելություններ ստանալու համար։ Սա ենթադրում է տնային կալանք՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով կամ ազատազրկում՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև երեք տարի ժամկետով։

Դատախազությունը Միքաուտաձեին մեղադրանք է առաջադրել նաև ՔՕ 194-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով, որը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) համար, որը զուգորդվում է հատկապես խոշոր չափերի եկամուտ ստանալու հետ։ Սույն հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ իննից տասներկու տարի ժամկետով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝