Իրանի և Իսրայելի միջև պատերազմի ավարտի հեռանկարները դեռ մնում են անորոշ։ Սակայն, ըստ իրանագետ Արմեն Վարդանյանի, հակամարտությունը, հավանաբար, չի վերաճի երկարատև, լայնածավալ պատերազմի։ Ինչպես է զարգանում հակամարտությունը, ինչ հետևանքներ կարող է ունենալ այն Հարավային Կովկասի համար, և որ երկրների վրա ինչպես է այն արտացոլվում։
— Ինչպես եք գնահատում Իրան-Իսրայել պատերազմի ներկայիս իրավիճակը։ Կարող է այն վերաճել երկարատև տարածաշրջանային հակամարտության։
— Պատերազմի ավարտը դեռ չի նշմարվում, դեռ թունելի վերջում լույս չի երևում, կողմերը շարունակում են աղետաբեր և կործանարար պատերազմը։ Իմ կարծիքով դա երկար չի տևի, որովհետև երկու կողմերն էլ շատ լուրջ կորուստներ են ունենում, թե Իրանը, և թե Իսրաել- ԱՄՆ տանդեմը։ Նրանց մի կողմից ձեռընտու չէ այդքան վնասներ կրելը, մյուս կողմից էլ այս պատերազմում չի լինի այնպես, որ որևէ մեկը կապիտուլյացիա ստորագրի։ Այնպես որ, կարծում եմ, մեկ երկու շաբաթից պատերազմը կավարտվի և այդքան շատ լայնածավալ պատերազմի բնույթ չի կրի, ինչպես օրինակ՝ Ռուս Ուկրաինական պատերազմը։
— Ինչպես կարող է այս պատերազմն ազդել Հարավային Կովկասի վրա։ Արդյոք այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում։
Ոչ, ուղակի ազդեցություն չի ունենա Հարավային Կովկասի վրա, որովհետև Հարավ Կովկասյան երկրները չեն ներքաշվել այս պատերազմում, նույնիսկ Նախիջևանի օդանավակայանին դրոններով հարվածները չբերեցին Իրան Ադրբեջան պատերազմին։ Նաև տեսնում ենք, որ Ադրբեջանի և հայաստանի միջև այս իրավիճակով պայմանավորված պատերազմ սկսելու նախադրյալ չկա։ Հետևաբար, չեմ կարծում, որ այս հակամարտությունը կհանգեցնի խոշոր աշխարհաքաղաքական փոփոխությունների կամ ուժերի նոր հավասարակշռության Հարավային Կովկասում։
— Ինչ ռիսկեր կան Հայաստանի և Վրաստանի համար։
— Անմիջական ռիսկեր չկան։ Սակայն, տնտեսական տեսանկյունից, Հայաստանը և Վրաստանը, ինչպես շատ այլ երկրներ, կարող են որոշակի կորուստներ կրել, որովհետև տարածաշրջանային լոգիստիկ ուղիները խաթարվել են, շատ լոգիստիկ ուղիներ չեն աշխատում։ Հետևաբար, հետևանքները հիմնականում տնտեսական կլինեն։ Ես չեմ սպասում ավելի լուրջ երկարաժամկետ հետևանքների։
— Արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել փախստականներին։
— Ես չեմ կարծում, որ դա մեր համար խնդիր է, որովհետև նախ մեծ քանակի չեն, երկրորդն էլ պետական կառույցները փախստականներին չեն ընդունել։ Փախստականների հոսք եղել է, բայց այդ մարդիկ իրենք իրենցով տեղավորվել են։ Պետական մարմինները պաշտոնապես չեն զբաղվել նրանց տեղավորմամբ։ Սա էական բեռ չստեղծեց պետության համար, քանի որ իշխանությունները նրանց չապահովեցին բնակարանով կամ ապրուստի միջոցներով։
Ավելի շատ մարդ Ադրբեջան գնաց՝ մոտ 2500, մինչդեռ Հայաստան ավելի քիչ մարդ եկավ։
— Որոնք են հնարավոր սցենարները մոտակա մեկ-երկու շաբաթվա համար։
— Դոնալդ Թրամփը սկզբում հայտարարեց, որ պատերազմը կտևի չորսից վեց շաբաթ։ Հետո հայտնեց, որ իրադարձություններն ավելի արագ են ընթանում, քան ինքը նախատեսում էր։ Դրա համար, ես կարծում եմ, որ այն կտևի 1-2 շաբաթ։ Բայց Հայաստանի համար ոչ մի խնդրահատույց սցենար չի լինի։ Կարծում եմ, ինչ որ մի փուլում, կողմերը կնստեն կպայմանավորվեն պատերազմը դադարեցնելու մասին, ինչպես որ եղավ նախորդ տարվա Իսրաել- Իրան 12 օրյա պատերազմի ժամանակ։ Կողմերը ուղակի հյուծվեցին, վերջում երկու կողմերն էլ արդեն լուրջ խնդիրներ ունեին։ Հյուծվել էին ռազմական առումով և ստիպված գնացին զինադադարի։ Այս անգամ էլ ես կանխատեսում եմ որ հյուծիչ պայքարը կստիպի որ գնան զինադադարի։
— Արդյոք պատերազմն իրապես Իրանի միջուկային զենքի պատճառով էր, թե կային նաև այլ պատճառներ։
— Ընդհանուր առմամբ խնդիրը միջուկայինի հարցն էր, բայց հարցն այն է, որ ԱՄՆ -ն ավելի մեծացրեց, բարձրացրեց նշաձողը, եթե նախկինում պահանջ էր դնում, որ Իրանը չպետք է ուրանը հարստացնի այն չափով, որ հնարավորություն կտա միջուկային զենք ստեղծել, ապա ժամանակի ընթացքում ԱՄՆ-ը նոր պահանջներ դրեց, մասնավորապես պահանջեց որ իրանը պիտի հրաժարվի իր հրթիռային ծրագրից։
Վաշինգտոնի կարծիքով, իրանական հրթիռները կարող են հարվածել մինչև 2000 կիլոմետր կամ ավելի հեռավորության վրա գտնվող թիրախներին և կրել միջուկային մարտագլխիկներ, ինչը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար։
Ուրանի հարստացման վերաբերյալ, կարծես թե, երկու կողմերը մի պահ համաձայնության էին եկել։ Իրանը համաձայնել էր ուրանը հարստացնել միայն մինչև մոտավորապես 5%, որն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով, օրինակ, ինչպես մենք անում ենք Մեծամորի ատոմակայանում և արվում է սովորական ատոմակայաններում։
Բայց երբ ուրանը հարստացնում ես 60%, դա արդեն հնարավորություն է տալիս միջուկային զենք ստեղծել։ Իրանը ԱՄՆ-ին ասել էր որ ունի բավարար չափով հարստացված ուրան մոտ 11 մարտագլխիկ կառուցելու համար։ Սա լուրջ մտահոգություններ առաջացրեց ԱՄՆ-ում և Իսրայելում, ինչն, ի վերջո, հանգեցրեց ներկայիս հակամարտությանը։
— Այս պատերազմը ձեռնտու էր Ադրբեջանին։
— Ադրբեջանին ձեռնտու էր այնքանով, որ նավթի համաշխարհային գները բավականին բարձրացան։ Ադրբեջանը լինելով նավթ արդյունահանող երկիր, բավականին մեծ գումարներ կշահի։
Պատերազմից առաջ նավթի մեկ բարելի գինը մոտ 70 դոլար էր, իսկ հիմա մոտենում է 100 դոլարին։ Սա Ադրբեջանին հարյուր միլիոնավոր դոլարների լրացուցիչ շահույթ է բերում։
Իհարկե, կա նաև մեդալի հակառակ կողմը, Ադրբեջանը, ինչպես մյուս երկրները, նույնպես տնտեսական դժվարություններ է ապրում։ Ավելին, փախստականների հոսքն Ադրբեջան, պայմանավորված Իրանի հյուսիսում ապրող էթնիկ ադրբեջանցիների ներհոսքով, ավելի մեծ է, քան դեպի Հայաստան։ Բայց այդ բոլորը համադրելով ես կարծում եմ որ Ադրբեջանն ավելի շատ շահել է, քան տուժել է։ Ադրբեջանն ու Ռուսաստանը նավթ արտահանողներ են, և գների աճը նրանց զգալի եկամուտներ է բերում։


