ԱՄՆ-ն թույլատրել է երկրներին գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք, որոնք այժմ բեռնվում են ծովում գտնվող նավերի վրա։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսանտի խոսքով՝ սա ժամանակավոր միջոցառում է, որը նպատակ ունի ապահովել համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունը պատերազմի ընթացքում։ Երկրներին կթույլատրվի գնել ռուսական նավթ և նավթամթերք մինչև ապրիլի 11-ը։
«Այս նեղ ուղղվածություն ունեցող, կարճաժամկետ միջոցառումը վերաբերում է միայն արդեն ճանապարհին գտնվող նավթին և էական ֆինանսական օգուտ չի տա Ռուսաստանի կառավարությանը», — հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Բեսսանտը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը կսկսի ուղեկցել նավերը Հորմուզի նեղուցում, «հենց որ դա ռազմական առումով հնարավոր լինի»։
«Ռազմական ուղեկցության հնարավոր անհրաժեշտությունը միշտ էլ եղել է մեր ծրագրերի մաս», — ասել է նա Sky News-ին։
Հարցին, թե արդյոք սա կարող է սկսվել առաջիկա օրերին, Բեսսանտը պատասխանել է.
«Հենց որ հնարավոր դառնա ապահովել անվտանգ անցումը, մենք դա կանենք»։
Մի քանի օր առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հնդկաստանին 30-օրյա արտոնյալ ժամկետ էր տվել՝ թույլ տալով երկրին գնել ծովում մնացած ռուսական նավթը։
Հինգշաբթի օրը նավթի գները կրկին գերազանցել էին 100 դոլարը մեկ բարելի համար, քանի որ Իրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել էր շարունակել փակել Հորմուզի նեղուցը՝ նավագնացության հիմնական երթուղին, որով սովորաբար անցնում է աշխարհի նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։



