նորություններ 13 Մարտի, 2026 • Ինչ են մտածում Վրաստանում Փաշինյանի ԵՄ-ում ելույթի մասին

Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Նա նշել է, որ Հայաստանի համար Վրաստանը «ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն»։ Նրա խոսքերը Վրաստանում տարբեր կերպ ընդունվեցին. շատերը ելույթը գնահատեցին դրական և աջակցական, սակայն դրա նկատմամբ վերաբերմունքը մնում է ոչ միանշանակ։

Փաշինյանի հայտարարությունը

Փաշինյանը շեշտել է ԵՄ-ի և Վրաստանի միջև կառուցողական երկխոսության կարևորությունը, քանի որ դա անմիջականորեն ազդում է Հայաստանի հեռանկարների վրա։ Նա նաև կրկնել է, որ ԵՄ որեւէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ և եվրոպացի գործընկերների աջակցությամբ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումների ճանապարհը եւ օբյեկտիվորեն պետք է համապատասխանի ԵՄ անդամագրման չափանիշներին։

Վերջինիս խոսքով, նույնիսկ եթե Հայաստանը չդառնա ԵՄ լիիրավ անդամ, այն միևնույն է կշահի, որովհետեւ կլինի ԵՄ չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր։ Այսպիսով, Երևանի համար հետագա ինտեգրման հիմնական պայմանը մնում է ԵՄ-ի և Վրաստանի միջև երկխոսության ակտիվացումը, որը ստեղծում է ավելի հստակ և շոշափելի հեռանկար Հայաստանի համար։

«Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի», — հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ակնկալում և խնդրում է, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև կառուցողական գործընթաց զարգանա։

«Եվ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ են ասում Վրաստանում

Որոշ վրացի քաղաքագետներ նման հայտարարություններն ավելի շատ ընկալում են որպես Երևանի արտաքին քաղաքականության ռազմավարության հռետորաբանություն, քան որպես վրաց-եվրոպական երկխոսության կարգավորման գործընթացին ազդող իրական գործոն: Վրաստանը շեշտում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման հիմնական խոչընդոտները կապված են Թբիլիսիի ներքին քաղաքական գործընթացների հետ, այլ ոչ թե երրորդ երկրների միջնորդ լինելու առաջարկների հետ։

Վերլուծաբանները նաև նշում են, որ նման հայտարարությունները կարող են երկիմաստ ընկալվել վրացական լսարանի կողմից, հատկապես հաշվի առնելով ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը և ԵՄ-ի քննադատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում։

Փորձագետներն ընդգծում են, որ Փաշինյանի խոսքերը տեղավորվում են ավելի լայն տարածաշրջանային միտման մեջ, որի շրջանակներում Հարավային Կովկասի երկրները փորձում են ավելի ակտիվ դեր խաղալ եվրոպական ինտեգրման և դիվանագիտության մեջ, չնայած նման հայտարարությունների իրական ազդեցությունը մնում է քննարկման առարկա։

Քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին վերլուծում է Նիկոլ Փաշինյանի դերը Վրաստանի և Եվրամիության միջև միջնորդության գործում՝ նրա դրդապատճառը դիտարկելով որպես ներքին քաղաքական շահերի և Հայաստանի ռազմավարական նպատակների համադրություն.

«Ինչո՞ւ Փաշինյանը ստանձնեց միջնորդի դերը այս հարցում։ Նրա շարժառիթը կարելի է բացատրել մի քանի գործոններով։ Մի կողմից, կարող է լինել ներքին քաղաքական և ընտրական շահագրգռվածություն՝ ցույց տալ հայ ընտրողներին, որ նա ոչ միայն լուծում է իր սեփական խնդիրները ԵՄ-ի հետ, այլև ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում և նույնիսկ օգնում է Վրաստանին։ Մյուս կողմից, իսկապես, Հայաստանի ազգային շահերից է բխում Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարգավորումը, քանի որ Վրաստանը մնում է Հայաստանի Եվրոպայի հետ հաղորդակցության հիմնական ուղին։

Արդյո՞ք Փաշինյանն ինքն է առաջարկել այս միջնորդությունը Վրաստանի կառավարությանը, թե՞ խնդրանքը Թբիլիսիից է բխել։

Հավանական է, որ երկու կողմերն էլ հետաքրքրված էին նման զրույցով։ Հնարավոր է, որ Փաշինյանը վրացական կողմին հարցրել է. «Ինչո՞ւ չեք փորձում բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ», և վրացական կողմը պատասխանել է. «Երկխոսությունը մենք չենք դադարեցրել»։ Դրանից հետո Փաշինյանը, հավանաբար, միջնորդություն է առաջարկել և ստանձնել է այս հարցի լոբբինգը ԵՄ-ում։ Սակայն հնարավոր է նաև, որ Փաշինյանի այցի նախապատրաստական խումբը նախապես հաշվարկել և պլանավորել էր այս զրույցի սցենարը և դրա արդյունքը։

Արդյունքում, Փաշինյանը հանդես է եկել Եվրախորհրդարանի առջև՝ Վրաստանի հետ երկխոսությունը վերականգնելու խնդրանքով, այն նույն օրը, երբ Եվրախորհրդարանը ընդունել է Վրաստանի դեմ ամենախիստ բանաձևերից մեկը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իրական ազդեցություն չի ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների տրամադրության վրա, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում վրացական հարցի վերաբերյալ արդեն ընդունվել է տասից ավելի բանաձև, և խորհրդարանում ձևավորվել է բավականին կոշտ դիրքորոշում. նրանք չեն նահանջի, մինչև Վրաստանի իշխանությունները չսկսեն կատարել իրենց պահանջները։

Այնուամենայնիվ, Փաշինյանի այս «ներկովկասյան և եվրովեկտորային» համերաշխությունը, անշուշտ, կգնահատվի Բրյուսելում», — իր Ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին։

Քաղաքագետ Գելա Վասաձեն առաջարկում է այս քայլի պատճառների և հնարավոր քաղաքական շարժառիթների իր սեփական վերլուծությունը։

«Ամբողջ վրացական փորձագիտական հանրությունը ոգևորությամբ քննարկում է Նիկոլ Փաշինյանի կոչը Եվրախորհրդարանին՝ աջակցելու Վրաստանին իր եվրոպական ընտրության հարցում։ Կա երկու տարբերակ։ Առաջինը՝ Փաշինյանին սա պետք է, քանի որ առանց Վրաստանի Հայաստանը չի կարող դառնալ ԵՄ մաս։ Երկրորդ՝ Փաշինյանը դարձել է «Վրացական երազանքի» լոբբիստ՝ դավաճանելով ժողովրդավարության իդեալներին։ Եկեք պարզենք սա։

Նախևառաջ, խոսքը Հայաստանի ԵՄ մաս դառնալու մասին չէ։ Խոսքը Եվրամիության հետ հարաբերությունների այնպիսի ձևաչափի մասին է, որը երկրին կապահովի զգալի ֆինանսական և քաղաքական օգուտներ։ Արդյո՞ք Փաշինյանին Վրաստանը պետք է դրա համար։ Ոչ, նրան պետք չէ։ Բայց որպեսզի Հայաստանը, ինչպես Վրաստանը, ստանա ԵՄ լիիրավ անդամակցություն, հազարավոր այլ գործոններից բացի, անհրաժեշտ է նաև Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին։ Դա աշխարհագրություն է։ Չնայած, տեսականորեն, Եվրոպան կարող է բացառություն անել բացառությունների մեջ հենց հայերի համար՝ իրենց պատմական զոհի կերպարով։ Արևմտամետ Հայաստանը Բենիլյուքսի երկրների ցանկացած քաղաքական գործչի երազանքն է, և ոչ միայն Բենիլյուքսի։

Ֆիքսում ենք. Հայաստանը Վրաստանի կարիքը չունի ԵՄ-ի հետ ինտեգրման համար։ Բայց այն նրան անհրաժեշտ է լոգիստիկայի զարգացման համար, այն էլ՝ շատ։ Հատկապես հյուսիս-հարավ միջանցքի համատեքստում՝ հաշվի առնելով Նախիջևանի միջոցով Իրանի հետ երկաթուղային կապ բացելու շատ իրական հեռանկարը։ Պատժամիջոցների տակ գտնվող վրացական նավահանգիստները զգալիորեն խաթարում են Հայաստանի դերը Հարավային Կովկասի լոգիստիկ կենտրոնում։ Անկասկած, ոմանք հիմա կմտածեն. ինչի՞ մասին է նա գրում։ Ի՞նչ Իրան, այստեղ տեսեք ի՞նչ է կատարվում։ Դե, այն, ինչ կատարվում է, շուտ թե ուշ կավարտվի։ TRIPP-ը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացումը նույնպես շաբաթների հարց չեն։ Բայց վրացական նավահանգիստների դեմ պատժամիջոցները, եթե կիրառվեն, կարող են տարիներ տևել։ Եվ, իմ համեստ կարծիքով, սա Փաշինյանի կոչի պատճառներից մեկն է։

Հիմա «ժողովրդավարության դավաճանության» մասին։ Դա բոլորովին տարօրինակ պնդում է։ Փաշինյանը երբեք չի եղել և երբեք չի լինի ժողովրդավար լիբերալ եվրոպական իմաստով։ Նա Հայաստանում կառուցում է բավականին կոշտ ավտորիտար ռեժիմ, որքան հնարավոր է։ Եվ ոչ թե որովհետև դա վատ է, այլ որովհետև այլ կերպ լիարժեք ազգային պետություններ չեն կարող ստեղծվել։

Փաշինյանի ավտորիտարիզմը դա ավտորիտարիզմի արդիականացնող տեսակ է, ի տարբերություն նրանից առաջ Հայաստանում գերիշխող մոդելի, որը պարզապես պահպանում էր խորհրդային ժառանգությունը: Հետևաբար, պաշտպանելով «Վրացական երազանքը», Փաշինյանը բնավ չի հակասում իր սկզբունքներին: Այն փաստը, որ մեր ավտորիտարիզմի մոդելը հեռու է արդիականից, մեր խնդիրն է:

Վերջին հաշվով, Հայաստանի վարչապետը պետք է մտածի իր երկրի, այլ ոչ թե Վրաստանի զարգացման մասին։ Եվ վրացական իշխանությունների հետ վստահելի հարաբերություններ ունենալը լրացուցիչ առավելություն է, որը միշտ կարող է օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային քաղաքականության մեջ։

Հակիրճ ասած՝ Փաշինյանը չի փրկում «Վրացական երազանքը» և չի դավաճանում ժողովրդավարությանը։ Նա պարզապես վարվում է որպես ռացիոնալ քաղաքական գործիչ, որը փորձում է լուծել իր երկրի խնդիրները՝ միաժամանակ մի քանի լրացուցիչ միավորներ վաստակելով Բրյուսելում և Հարավային Կովկասում։ Ահա թե ինչ պատկեր է», — իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գելա Վասաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝