նորություններ 12 Մարտի, 2026 • Վեց տարուց ավելի հին մեքենաների ներմուծումը չի արգելվի, բայց ավելի կթանկանա

Վրաստանի կառավարությունը մտափոխվել է և չի արգելի 6 տարուց ավելի օգտագործված մեքենաների ներկրումը։ Այս տեղեկությունը վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է կառավարության վերջին նիստի ժամանակ։

«Մենք նոր կանոնակարգեր էինք ներառել 6 տարուց ավելի օգտագործված ավտոմեքենաների ներկրման վերաբերյալ։ Ցանկանում ենք որոշակի շտկումներ անել այդ որոշման մեջ։ Մասնավորապես, ներկրման արգելքի փոխարեն համապատասխան մեքենաների համար կսահմանվի մաքսազերծման սակագին՝ 4,5 լարի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար, այսինքն՝ ակցիզը կորոշվի այդ սակագնով։ Այսպիսով, ներկրման արգելքը կփոխարինվի բարձրացված ակցիզով։ Այս որոշումը շատ կարևոր է էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և օդի մաքրության համար»,—հայտարարել է Կոբախիձեն՝ հավելելով, որ որոշումը հիմնված է նաև քաղաքացիների և մասնավոր հատվածի շահերի վրա։

Սա նշանակում է, որ ամենատարածված՝ 1.5 լիտր շարժիչի ծավալով մեքենայի մաքսազերծումը, եթե վերջինս 6 տարուց ավելի հին է, 1200 լարիից դառնում է 6750 լարի։ Իսկ 2 լիտր ծավալով շարժիչի դեպքում վճարը 1600 լարիից բարձրանում է մինչև 9000 լարի։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ապրիլի 1-ից կարգելվի 6 տարուց ավելի օգտագործված մեքենաների ներկրումը։ Այս հայտարարությունը մեծ դիմադրության էր հարուցել ավտոներկրողների և քաղաքացիների շրջանում։ Բիզնեսի ոլորտից պնդել են, որ դա կխոչընդոտի նաև վերաարտահանմանը (ռեէքսպորտ)։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝