Մարտի 8-ից 11-ը Գորիում անցկացվել է Վրաստանի մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մրցումները հյուրընկալել է Գորիի Սպորտի պալատը:
Առաջնությանը մասնակցել են 15 տարեկանից փոքր մարզիկներ Վրաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Գորիից, Քութայիսիից, Գարդաբանիից, Ամբրոլաուրից և այլն։ Ախալքալաքից առաջնությանը մասնակցել են երեք մարզիկներ՝ Գևոր Հակոբյանը, Սարգիս Կարախանյանը և Միհրան Մոսոյանը: Երիտասարդ մարզիկներին մարզում է Նորայր Կրջացյանը:
Միհրան Մոսոյանը 85 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի 15 տարեկանների խմբում (U15):
«Միհրան Մոսոյանը հնարավորություն ունի ներկայացնելու Վրաստանը Եվրոպայում, քանի որ նա «ոսկե եռյակում» է։ Այս եռյակի մարզիկները 60-70%-ով ավելի մեծ հնարավորություն ունեն որակավորվելու Եվրոպայի առաջնությունում»,-ասել է Նորայր Կրջացյանը։





