Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում անցկացվելիք ժողովները։ Չորրորդ տարին անընդմեջ, գյուղերի մեծ մասում, փողոցային լուսավորությունը մնում է առաջնահերթություն։
Ոչ բոլոր գյուղերն են դեռևս, Ախալքալաքի քաղաքապետարան, ներկայացրել ժողովների արձանագրությունները, 17 բնակավայրից փաստաթղթերը դեռևս չեն ստացվել։ Սակայն, ըստ ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանի, բոլոր արձանագրությունները, մինչև ամսվա վերջ, կկազմվեն և կներկայացվեն Սակրեբուլո հաստատման։
Ըստ նրա, փողոցային լուսավորությունը գյուղերի համար այս տարի ևս մնում է գերակայություն։ Այս աշխատանքը 2023, 2024 և 2025 թվականներին ևս ամենապահանջվածն էր։
Միևնույն ժամանակ, այս տարի փոփոխություններ են տեղի ունեցել, եթե նախկինում նախագծերը ներառում էին էլեկտրական հաշվիչների տեղադրումը, ապա այս տարի տվյալ աշխատանքը բացառված է ծրագրից։
«Այս տարի նախագծում հաշվիչները չեմ ներառել։ Գյուղը կարող է հետագայում հայտ ներկայացնել էկոնոմիկայի ծառայություն, և դրանք կտեղադրվեն տեղական բյուջեի միջոցներով», — ասաց Արա Մովսեսյանը։
Գյուղերի մեծ մասում բնակիչներն ընտրել են մեկական նախագիծ։ Լուսավորության տեղադրումից հետո երկրորդ առաջնահերթությունը ծիսական տների վերանորոգումն է ու դրանց համար կահույքի ձեռքբերումը։
Արա Մովսեսյանը նաև նշեց, որ կան նախագծեր, որոնք անավարտ են մնում և պահանջում են զգալի ֆինանսական միջոցներ։ Դրանց թվում է Կոկիա և Մերենիա գյուղերի երիտասարդական կենտրոնների վերանորոգումը։ Նա հավելեց, որ նույնիսկ ֆինանսավորման 200%-ով աճը թույլ չէր տա ավարտել այս նախագծերը։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախագծեր ընտրելու հանդիպումները սկսվել են փետրվարի 16-ին և ավարտվել փետրվարի 25-ին:
Արդեն մի քանի տարի է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետին, ՕԳԾ-ի շրջանակներում, հատկացվում է 922 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ ստանում է գումար, որը հետագայում, ժողովների միջոցով, որոշվում է, թե ինչի վրա է ծախսվելու։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Գումարը որոշվում է ըստ գյուղի բնակչության թվաքանակի։
Հարկ է նշել, որ ՕԳԾ-ը Վրաստանում իրականացվում է 2011 թվականից ի վեր, այն ժամանակավորապես դադարեցվել է միայն 2017-2018 թվականներին։



