«Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա տոնը կապված է կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, որոշումների կայացմանը կանանց մասնակցության խթանման և բռնության դեմ պայքարի հարցերի հետ և ցայսօր այն չի կորցրել իր արդիականությունը»,-ասվում է Վրաստանի ՄԻՊ գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
«Վրաստանը վերջին տասնամյակում ամրապնդել է կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և դրա հակազդման իրավական շրջանակը, ներդրել է տարբեր պաշտպանության և աջակցության մեխանիզմներ, ամրապնդել զոհերի պաշտպանության ծառայությունները և բարելավել համապատասխան գերատեսչությունների միջև համակարգումը։ Այս բարեփոխումները զգալի ազդեցություն են ունեցել բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արդյունավետ արձագանքման վրա։
Միևնույն ժամանակ, պետությունը դեռևս պետք է իրականացնի հետևողական և արդյունավետ քաղաքականություն՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարում համակարգի հետագա ամրապնդումն ապահովելու համար։ Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ 2025 թվականին բացահայտվել է կանանց նկատմամբ սպանության 12 և սպանության փորձի 21 դեպք»։
Նախկինի պես կան դեպքեր, երբ, չնայած պետության կողմից հնարավոր բռնության մասին նախնական իրազեկվածությանը, կնոջ սպանությունը կամ սպանության փորձը չի հաջողվել կանխել։
«Չնայած կանանց տնտեսական իրավունքների ընդլայնմանն ուղղված ձեռնարկված միջոցառումներին, կանանց աշխատանքային իրավունքների լիարժեք իրականացումը, տնտեսական կյանքում նրանց հավասար մասնակցությունը և հավասար վարձատրությունը շարունակում են մնալ լուրջ մարտահրավերներ։
Հանրային պաշտպանը կոչ է անում պետությանը համակարգված և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել կանանց իրավունքները պաշտպանելու և դրանք ամրապնդելու համար՝ քաղաքական և տնտեսական կյանքում հավասար մասնակցության հասնելու նպատակով, և հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցել պետական մարմինների հետ, իրավահավասարության հասնելու գործընթացում», — ասվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։



