նորություններ 6 Մարտի, 2026 • Մեկնարկում է շների գերբնակեցման կառավարման ծրագիրը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկրում ուժի մեջ կմտնի «Շների հիպերպոպուլյացիայի կառավարման 2026 թվականի ծրագիրը»: Նախագիծն իրականացնելու է Սննդամթերքի ազգային գործակալությունը՝ Տարածքային զարգացման նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ։

Ծրագրի նպատակը կենդանիների հետագծելիության ապահովումն ու կատաղության կանխարգելումն է, ինչը, գերատեսչության պարզաբանմամբ, կրիտիկական նշանակություն ունի ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց առողջության և անվտանգության պաշտպանության համար։

Սննդամթերքի ազգային գործակալությունը երկրի ողջ տարածքում (բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների) աշխատելու է մի քանի ուղղություններով.

Կիրականացվի կատաղության դեմ պատվաստում, կենդանիները կգրանցվեն միասնական բազայում միկրոչիպավորման միջոցով, իսկ էգ շները կստերիլիզացվեն:

Բացի Թբիլիսիից և Աջարիայից, շրջաններում կկատարվեն կենդանիների պատվաստում, նույնականացում և ամորձատում/ստերիլիզացում:

Ծրագրի շրջանակներում անտուն կենդանիներին, ըստ տարածաշրջանների, կտեղափոխեն Թբիլիսիի, Գուրջաանիի, Գորիի և Քութաիսիի մունիցիպալ կացարաններ։

Բացի գործող ենթակառուցվածքներից, Տարածքային զարգացման նախարարության աջակցությամբ, նոր մունիցիպալ կացարանների շինարարություն է պլանավորվում հետևյալ շրջաններում՝ Քվեմո Քարթլի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Սամցխե-Ջավախեթի:

Սննդամթերքի ազգային գործակալությունը բնակչությանը կոչ է անում համագործակցել և խնդրում է ակտիվորեն ներգրավվել նույնականացման և գրանցման գործընթացում։ Գործակալության հայտարարության համաձայն՝ սա անհրաժեշտ քայլ է ընտանի կենդանիների առողջության և հասարակական անվտանգության համար։

Հիշեցնե՛նք, որ Վրաստանի կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ շների հիպերպոպուլյացիայի կառավարման նպատակով երկրում երեք տարի ժամկետով մորատորիում է հայտարարվում շների որոշ տեսակների բուծման վրա:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝