Մենք չենք թիրախավորում հարևան երկրները, եթե նրանց տարածքը չի օգտագործվում անմեղ իրանցի ժողովրդի վրա հարձակվելու համար,- ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Գարիբաբադին։
Գարիբաբադին այս հայտարարությունն արել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Իրանը չի հարձակվում հարևան երկրների վրա, եթե մեր ակտիվ հակառակորդները, մասնավորապես՝ Իսրայելը և Միացյալ Նահանգները, չեն գտնվում նրանց տարածքում, կամ այդ երկրների տարածքը չի օգտագործվում Իրանի Իսլամական Հանրապետության անմեղ ժողովրդի վրա հարձակվելու համար։ Մենք սկզբից հայտարարել ենք, որ եթե տարածաշրջանում կան ռազմական բազաներ, որոնք օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, և այնտեղ ներկա են ամերիկյան ուժեր, ապա մենք կթիրախավորենք դրանք։ Սա այն քաղաքականությունն է, որը մենք նախապես հայտարարել ենք», – ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Գարիբաբադին։
Լրագրողը հարցրել է Քազեմ Գարիբաբադիին, մասնավորապես, Ադրբեջանում, Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, որին ի պատասխան Գարիբաբադին ասել է, որ առաջին անգամն է, որ լսում է այդ միջադեպի մասին։
«Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Ես այս միջադեպի մասին առաջին անգամ լսել եմ ձեզանից։ Ես պետք է գտնեմ տեղեկատվության աղբյուրը, ծանոթանամ այս տեղեկատվությանը։ Այդ դեպքում կարող եմ մեկնաբանություններ անել», – ասել է Գարիբաբադին։



