նորություններ 5 Մարտի, 2026 • Նինոծմինդայի մանկատան նախկին սաներին պետք է փոխհատուցում վճարեն

Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է պետությանը 30 000 լարի փոխհատուցում վճարել Նինոծմինդայի մանկատան 11 նախկին սաներին, ովքեր տարիներ շարունակ անձնակազմի կողմից ենթարկվել են բռնության։ Այս մասին հայտնել է «Գործընկերություն մարդու իրավունքների համար» (PHR) ոչ կառավարական կազմակերպությունը, որը ներկայացնում էր տուժածների շահերը։ Այս տեղեկատվությունը տարածում է newsgeorgia.ge-ն։

Կազմակերպության տվյալներով՝ դատարանը պարտավորեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարությանը փոխհատուցում վճարել 11 հայցվորներից յուրաքանչյուրին։ PHR-ի ներկայացուցիչները սկզբում պահանջել են յուրաքանչյուր հայցվորի համար 100 000 լարի։

Փաստաբանները բողոքարկում են դատարանի որոշումը փոխհատուցման չափի մասով։ Ֆինանսների նախարարությունը նույնպես բողոքարկել է այդ որոշումը վերաքննիչ դատարանում։

«Մենք կարծում ենք, որ գործնականում անհնար է լիովին փոխհատուցել պատճառված վնասը, քանի որ ոչ մի գումար չի կարող համարժեք լինել բռնությանը և անպատշաճ վերաբերմունքին։ Այնուամենայնիվ, փոխհատուցումը պետք է լինի արժանապատիվ և համապատասխանի կոնկրետ հանգամանքներին, ներառյալ նախկին սաների տարիքը, նրանց առանձնահատուկ խոցելիությունը, ինչպես նաև բռնության ձևերն ու տևողությունը», — ասվում է PHR-ի հայտարարության մեջ։

Վրացական ուղղափառ եկեղեցու կողմից կառավարվող Նինոծմինդայի մանկատանը ստեղծված իրավիճակը տարիներ շարունակ քննադատության է արժանացել մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն առաջին անգամ հաղորդվել են Վրաստանի ՄԻՊ 2015 թվականի զեկույցում։ Չնայած դրան, հաստատությունը կրթական գործունեության լիցենզիա է ստացել 2016 թվականին։

Հետագա տարիներին օմբուդսմենը բազմիցս ընդգծել է մանկատան գործունեության համակարգային խնդիրները և երեխաների կենսապայմանների վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը: 2020-2021 թվականներին ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին բազմիցս մերժվել է հաստատություն մուտք գործելու մոնիթորինգի իրականացման համար։

Իրավիճակը լայն հանրային ուշադրության է արժանացել 2021 թվականի գարնանը, երբ այն ժամանակվա ՄԻՊ Նինո Լոմջարիային մերժվել է մուտքը մանկատուն Սխալտայի արքեպիսկոպոս Սպիրիդոնի հրամանով: Դրանից հետո նախկին սաները լրատվամիջոցներին պատմել են հաստատության կողմից երեխաների նկատմամբ պատիժների և խտրականության կիրառման մասին, այդ թվում՝ նրանց արտաքին տեսքի և առողջական վիճակի պատճառով:

2021 թվականի մայիսին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն կոչ էր արել Վրաստանի իշխանություններին ապահովել անկախ մոնիթորինգային մարմինների անհապաղ մուտքը հաստատություն՝ պայմանները ստուգելու համար: Ավելի ուշ դատարանը բավարարել էր PHR-ի պահանջը՝ անչափահասներին հաստատությունից դուրս բերելու վերաբերյալ: Նրանցից շատերը փոխանցվել են այլընտրանքային խնամքի: Նինոծմինդայի մանկատանը երեխաների թիվը նվազագույնի էր հասցվել, այնտեղ մնացել էին ավելի քան 10 երեխա:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝