Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ շների հիպերպոպուլյացիայի (գերբնակեցման՝ կենդանիների քանակի անվերահսկելի և չափից շատ աճ) կառավարման նպատակով երկրում երեք տարի ժամկետով մորատորիում է հայտարարվում շների բուծման վրա։ Փաստաթուղթը ստորագրել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Որոշումն ընդունվել է 2026 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։
Մորատորիումի խախտման դեպքում օրինախախտների դեմ նախատեսված է 10 հազար լարի տուգանք։
Փաստաթղթի համաձայն՝ «Ընտանի կենդանիների մասին» Վրաստանի օրենքի հիման վրա մորատորիումը տարածվում է ինչպես պոտենցիալ բարձր ռիսկայնություն ունեցող շների, այնպես էլ այլ կոնկրետ ցեղատեսակների վրա, որոնք, կառավարության գնահատմամբ, հիպերպոպուլյացիայի տեսանկյունից լրացուցիչ կարգավորման կարիք ունեն։
Որոշման մեջ որպես բարձր ռիսկային ցեղատեսակներ ներառված են՝
• Ամերիկյան պիտբուլտերիեր
• Ֆիլա բրազիլեյրո
• Ստաֆորդշիրյան տերիեր
• Արգենտինյան դոգ
• Տոսա ինու
• Կանե կորսո
• Ստաֆորդշիրյան բուլտերիեր
Մորատորիումը կվերաբերի նաև այլ ցեղատեսակների, մասնավորապես՝
• Հասկի
• Մալամուտ
• Լայկա
Համաձայն որոշման՝ երեք տարվա ընթացքում նշված ցեղատեսակների շների բուծումը կարգելվի երկրի ողջ տարածքում։ Մորատորիումի կատարման նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն Սննդամթերքի ազգային գործակալությունը և մունիցիպալիտետների լիազորված մարմինները։
Կառավարության պարզաբանմամբ՝ որոշման նպատակն է շների հիպերպոպուլյացիայի կառավարումը և համապատասխան ռիսկերի նվազեցումը։



