Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են Վրաստան թմրանյութերի առանձնապես մեծ քանակությամբ մաքսանենգության փորձ։ Նախարարությունը հայտնել է, որ առգրավվել է 125 լիտր հեղուկ, որը պարունակում է մեթամֆետամին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության կենտրոնական քրեական ոստիկանության և մաքսային վարչության աշխատակիցները «Սադախլո» սահմանային անցակետում ձերբակալել են Իրանի քաղաքացու։
Նախարարության տվյալներով՝ թմրանյութերը թաքցրած են եղել մեքենայում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մանրակրկիտ խուզարկել են մեղադրյալի վարած մեքենան և առգրավել 125 լիտր թմրանյութ, որը հայտնաբերվել է վառելիքի օժանդակ բաքում։
Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 260-րդ (թմրամիջոցների անօրինական ձեռքբերում և պահպանում) և 262-րդ (թմրամիջոցների անօրինական ներմուծում Վրաստան) հոդվածներով։
Այս հոդվածները, կախված հանցագործության ծանրությունից, նախատեսում են մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում:



