նորություններ 28 Փետրվարի, 2026 • Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները ստորագրահավաք են անցկացնում

Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները անհանգստացած են կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներով, որոնք ուղիղ կերպով ազդում են նրանց կրթության հասանելիության, ինտեգրման և ազատ ընտրության վրա, նրանք տարածել են հայտարարություն և կոչ են անում միանալ և միասին բարձրաձայնել ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրների մասին:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Մենք՝ ներքոստորագրյալ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներս, ծնողները, ուսուցիչները և քաղաքացիական հասարակության անդամները, հայտարարում ենք, որ բարձրագույն կրթության ընթացիկ բարեփոխումը և «1+4» ծրագրի ապագայի հետ կապված անորոշությունը վտանգում են էթնիկ փոքրամասնությունների հազարավոր ուսանողների կրթության իրավունքը։

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի խախտումը հակասում է Վրաստանի սահմանադրությանը, մարդու իրավունքների սկզբունքներին և միջազգային պարտավորություններին։ Հայտնի է, որ 2025-2026 ուսումնական տարում Իլիայի պետական համալսարան է ընդունվել էթնիկ փոքրամասնությունների շուրջ 500 ներկայացուցիչ։ Այս ուսանողները ներկայումս գտնվում են նախապատրաստական փուլում և հաջորդ տարի պետք է սովորեն բակալավրիատի առաջին կուրսում: Այս ուսանողներից յուրաքանչյուրի ցանկությունն է լինել Իլիայի պետական համալսարանի ուսանող:

Հարկ է նաև նշել, որ 2025-2026 ուսումնական տարում «1+4» ծրագրի շրջանակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ընդունվել նաև այլ համալսարաններ, այդ թվում՝ Վրաստանի տեխնիկական համալսարան, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան, Սոխումի պետական համալսարան և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հետևաբար, նշված բարեփոխումը կվերաբերի ոչ միայն մեկ համալսարանի, այլև հազարավոր ուսանողների ապագային ողջ երկրի տարածքում:
Սրա հետ կապված առաջանում են կարևոր հարցեր.

Հաջորդ տարի ո՞ր համալսարաններում են շարունակելու ուսումը այս ուսանողները։
Ինչպե՞ս են ապահովվելու նրանց իրավունքները և կրթական հնարավորությունները:
Ի՞նչ ազդեցություն կունենա «1+4» ծրագրի կրճատումը կամ չեղարկումը այս երիտասարդների ապագայի վրա:

«1+4» ծրագիրը կարևոր է էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների համար բարձրագույն կրթության հասանելիությունն ապահովելու գործում։ Այս ծրագրի կրճատումը կմեծացնի սոցիալական անհավասարությունը և լուրջ վնաս կհասցնի էթնիկ փոքրամասնություն ներկայացնող ուսանողների ինտեգրման գործընթացին:

Մենք պահանջում ենք.

  • «1+4» ծրագրի լիակատար պահպանում
  • Իլիայի պետական համալսարանի ակադեմիական ինքնավարության և անկախության պաշտպանություն։
  • 2025-2026 ուսումնական տարում ընդունված էթնիկ փոքրամասնությունների շուրջ 500 ուսանողի կրթության իրավունքի ապահովում։
  • Ուսանողների և ակադեմիական անձնակազմի ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացում։
  • Կրթական բարեփոխումների իրականացում բաց, թափանցիկ և հանրային քննարկումների հիման վրա։
  • Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, Կրթության նախարարությանը և համապատասխան գերատեսչություններին հաշվի առնել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների շահերը և անհապաղ դադարեցնել նախատեսված վնասակար փոփոխությունները»։

Ստորագրահավաքը նախաձեռնող երիտասարդները առցանց տարածում են հայտարարությունը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ստորագրել։ Հայտարարությունը կարելի է բացել հետևյալ հղումով.

https://forms.gle/fDu6Xf4TuBorsbBK8

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝