Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ փետրվարի 28-ի ժամը 16:00-ի դրությամբ Ախալքալաքի գյուղեր տանող մունիցիպալ ճանապարհների ավելի քան 80%-ը մաքրվել է, և բաց է երթևեկության համար։ Ներկայումս Աբուլ և Թախչա գյուղեր տանող ճանապարհը մնում է ձյունածածկ, և K700 տեխնիկան ուղեւորվում է այնտեղ ճանապարհը մաքրելու համար։
Ախալքալաքի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի պետ Արմեն Մղդեսյանի խոսքով՝ այսօր ձյան մաքրման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցներ և պատգամավորներ։
«Մենք այժմ վերադառնում ենք Ագանա գյուղից գրեյդերի հետևից։ Մնում է միայն մաքրել Աբուլ և Թախչա գյուղերի ճանապարհները։ K700-ը Հոկամից ուղևորվում է այնտեղ։ Այստեղ այս պահին քամի չկա, ինչը ենթադրում է, որ մաքրված ճանապարհները առայժմ բաց կմնան», — Jnews-ին ասել է Ախալքալաքի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի պետ Արմեն Մղդեսյանը։
Ախալքալաքում արդեն երրորդ օրն անընդմեջ ձյուն է տեղում, ինչը դժվարացնում է ճանապարհային երթևեկությունը, սակայն այսօր՝ փետրվարի 28-ին, փետրվարի 27-ին մոլեգնող ձնաբուքը հանդարտվել է։



