նորություններ 28 Փետրվարի, 2026 • Ախալքալաքում հաստատվել է ոչ գյուղատնտեսական հողերի նորմատիվ գինը

Փետրվարի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին մունիցիպալիտետի սեփականությունում գտնվող ոչ գյուղատնտեսական հողերի նորմատիվ գները։ Նախորդ տարվա համեմատ, գները չեն փոփոխվել, հողամասերի վերջնական գինը, ինչպես նախկինում էր, որոշվելու է անկախ գնահատման և աճուրդի արդյունքներով։

Երեկ Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին մունիցիպալ սեփականություն համարվող ոչ գյուղատնտեսական հողերի նորմատիվ գները։

Ամեն տարի Վրաստանի մունիցիպալիտետները, շուկայական ցուցանիշներից ելնելով և Վրաստանի նախագահի հրամանի հիման վրա, ոչ ուշ, քան փետրվար ամիսը հաստատում են իրենց մունիցիպալիտետի տարածքում գտնվող ոչ գյուղատնտեսական հողերի նորմատիվ գները: Այն նորմատիվ (հաշվեկշռային) վաճառքի գինն է: Սակայն հողամասերը չեն կարող վաճառվել առանց անկախ աուդիտի: Գնահատումից հետո շուկայական արժեքը կարող է մի քանի անգամ ավելի բարձր լինել, քան նորմատիվ գինը: Գինը որոշվում է հաստատված բանաձևով։

Հարցը պատգամավորներին ներկայացրեց քաղաքապետարանի պլանավորման և տնտեսագիտության ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը: Նա բացատրեց մանրամասները և պատասխանեց ներկաների հարցերին: Նրա խոսքով, նորմատիվ գները չեն բարձրացվել, քանի որ դրանք չեն խոչընդոտում հողերի վաճառքին:

«Տվյալ գինն օգտագործվում է միայն նորմատիվ հաշվեկշռի համար։ Վաճառելիս աուդիտի միջոցով որոշվում է հողի շուկայական արժեքը, որից հետո այն վաճառվում է աճուրդով, որտեղ գինը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։ Սակայն վարձավճարը չպետք է լինի սահմանված գնի 0.5%-ից պակաս», — նշեց Վահան Բաթոյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում են հետևյալ նորմատիվ գները.

• Ախալքալաքում՝ 2.88 լարի մեկ քառակուսի մետրի համար։

• Գյուղերում՝ 1.44 լարի մեկ քառակուսի մետրի համար։

• Գյուղերի միջև ընկած տարածքներում՝ 0.72 լարի մեկ քառակուսի մետրի համար։

• Մայրուղիների երկայնքով գտնվող հողերի դեպքում (50 մետր շառավղով)՝ 2.16 լարի մեկ քառակուսի մետրի համար։

Այսպիսով, նորմատիվ դրույքաչափերը մնում են նույնը, սակայն հողամասերի ֆիկտիվ արժեքը վաճառքի ժամանակ որոշվում է շուկայական գնահատականով և աճուրդի արդյունքներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝