Փետրվարի 26-ին, Ախալքալաքի սակրեբուլոյի նիստի ժամանակ պատգամավորները կրկին հետաքրքրվեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի գնած ավտոբուսների կարգավիճակի և այդ ընթացքում քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերի մասին։
Հանձնաժողովի նիստում չպլանավորված, բայց ակտիվորեն քննարկվող հարցերից մեկը հասարակական տրանսպորտի գործարկումն էր։ Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ երթուղիների գործարկման համար բյուջեում դեռևս միջոցներ չեն նախատեսվել։
Իշխող կուսակցության պատգամավոր Արմեն Մառանգոզյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս տարի տրանսպորտի գործարկման համար ֆինանսավորում հատկացվե՞լ է։
«Մենք արդեն հասել ենք մարտ ամսին, բայց ավտոբուսների շահագործման համար որևէ ֆինանսական միջոց չենք տեսնում։ Ինչպես հասկանում ենք, դա այս տարի չի՞ արվի», — նշեց նա։
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Մնացական Փամբուխչյանը հայտարարեց, որ ավտոբուսների հետ անմիջականորեն կապված խնդիրներ չկան: Նա նշեց, որ համակարգը գործարկելու համար պետք է ստեղծվի նոր ծառայություն, լուծվեն տեխնիկական և կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ վճարային սարքերի տեղադրում և բանկերի հետ պայմանագրերի կնքում:
Պատգամավոր Գիորգի Պետրոսյանը հստակեց, արդյո՞ք կայանատեղիները որոշվել են: Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ «Սելխոզտեխնիկայի» մոտ գտնվող շենքը ավտոբուսների կայանատեղի օգտագործելու հայտ է ներկայացվել: Ինչ վերաբերում է ավտոբուսային կանգառներին, ապա դրանց որոշ մասն արդեն իսկ գոյություն ունի, իսկ մնացածները նախատեսվում է կառուցել:
Սակայն, պատգամավորները բավարարված չէին ընդհանուր ձևակերպումներից: Նրանք ընդգծել են, որ իրենց հետաքրքրում է ոչ թե ծրագրերի ցանկը, այլ արդեն կատարված աշխատանքները և նախագծերի իրականացման կոնկրետ ժամկետները:
«Մենք ձեզ հարց տվեցինք, բայց դուք հարցին պատասխանեցիք մեկ այլ հարցով: Մենք չհարցրեցինք, թե ի՞նչ պետք է անեք, մենք հարցրեցինք, թե ի՞նչ է արդեն արվել և ե՞րբ է դա արվելու», — նշել է պատգամավոր Նաիրի Իրիցյանը:
Ի պատասխան, քաղաքապետարանի ներկայացուցիչը բացատրել է, որ աշխատակազմն ուսումնասիրել է այլ մունիցիպալիտետների փորձը, մասնավորապես՝ այցելելով Ախալցիխե, որտեղ ծանոթացել են տրանսպորտային համակարգի կազմակերպմանը և առաջացած մարտահրավերներին։ Դրանք ներառում էին տեսուչների անհրաժեշտությունը, ուղեվարձից խուսափելու խնդիրները, վավերացուցիչների տեղադրումը, բանկերի հետ պայմանագրերը, թոշակառուների, երեխաների և ուսանողների ուղեվարձերի և նպաստների որոշումը, ինչպես նաև համապատասխան նախարարությունից անհրաժեշտ թույլտվություն ստանալը։
Արմեն Մառանգոզյանը շփոթմունք հայտնեց նախագծի մշակման ժամանակացույցի վերաբերյալ։ Նրա խոսքով, նման աշխատանքները պետք է սկսվեին ավտոբուսների պատվիրման փուլում։ Քաղաքապետարանն իր հերթին հայտարարեց, որ անհրաժեշտ էր սպասել մինչև ավտոբուսների իրական ժամանումը։
Երթուղիների հարցն առանձին քննարկման առարկա դարձավ։ Պատգամավորներն առաջարկեցին դիտարկել ասֆալտապատ ճանապարհներով գյուղեր տանող երթուղիները, սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչները պարզաբանեցին, որ վերջնական երթուղիները դեռևս հաստատված չեն։
Քննարկման ավարտին պատգամավոր Համլետ Մովսիսյանը դիմեց հանդիպմանը ներկա ԶԼՄ-ներին՝ կոչ անելով նրանց ճշգրիտ լուսաբանել երթուղիների հետ կապված խնդիրները։ Նա նշեց, որ չճշտված տեղեկատվությունը կարող է ազդել հասարակական կարծիքի վրա և թյուրըմբռնումներ առաջացնել բնակիչների շրջանում, քանի որ երթևեկության երթուղիների վերաբերյալ վերջնական որոշումները դեռևս չեն կայացվել։
Նշենք, որ ավելի վաղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի քննարկման ժամանակ, քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարել էր, որ հունվարից սկսած տրանսպորտային հարցը կքննարկվի սակրեբուլոյում և կկայացվեն տրանսպորտի երթևեկության ուղղությունների վերաբերյալ որոշումներ։



