նորություններ 26 Փետրվարի, 2026 • Ինչու է անասնապահությունն  անկում  ապրում Ախալքալաքում

Ախալքալաքի մունիցիպալիտետում, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կտրուկ նվազում է: Ֆերմերները դա բացատրում են կաթի և մսի ցածր գներով, հովիվների պակասով, արոտավայրեր գտնելու և մթերքներն իրացնելու դժվարություններով: Շատ գյուղացիների համար ավանդական անասնապահությունը դադարել է կայուն եկամտի աղբյուր լինել, չնայած նոր մոտեցումներ ներդրող առանձին տնտեսություններ, այնուամենայնիվ, գտնում են շահութաբեր աշխատանքի հնարավորություն:

Այն մասին, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում, անասնապահությունը դադարել է շատերի համար շահութաբեր և եկամտաբեր աշխատանք լինել, հաստատում են նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա խորհրդատվական կենտրոնի տվյալները:

Կենտրոնի տվյալներով, 2025 թվականին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2024 թվականի համեմատ նվազել է մոտ 30%-ով։ Բնակիչները դա հիմնականում բացատրում են իրենց արտադրանքի իրացման դժվարություններով և աշխատուժի պակասով։

Ավանդաբար անասնապահությամբ զբաղվող մունիցիպալիտետի համար, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազումը ազդում է կաթի և կաթնամթերքի արտադրության վրա, ինչն էլ իր հերթին ազդում է գյուղացիների բարեկեցության վրա։

Կորխ գյուղի բնակչուհի Վարդուհու խոսքով, ցանկացած տեսակի անասուն պահելը շահավետ է միայն այն դեպքում, եթե արտադրանքի համար կա կայուն գնորդ։

Մի քանի տարի առաջ Վարդուհին ոչխար և այծ էր պահում, բայց նրանց բուրդը վաճառելու հնարավորություն չունենալու պատճառով, ստիպված է եղել հրաժարվել նրանցից։ Ներկայումս նա իր տնտեսությունում ունի 50 կով։

«Անասուն պահելը շահութաբեր չէ, այն մեծ աշխատանք է պահանջում: Լավ է, որ կաթն այս տարի թանկացել է, ես այն վաճառում եմ 1 լիտրը 3 լարիով [խմբ. մանրածախ գին]: Անասնապահությամբ կարելի է գոյատևել, բայց մեծ գնումներ կատարելու համար չես կարող գումար հավաքել: Մեր գյուղում մնացել է ընդամենը 10 կով [խմբ. չհաշված Վարդուհու ֆերման]: Օրջա և Վարևան գյուղերում նույնպես գլխաքանակը նվազել է, ամեն տեղ էլ անասունների թվաքանակը կրճատվել է: Հովիվների հետ կապված խնդիր կա, չնայած վարձատրությունը լավ է՝ 300 լարի մեկ կովի համար մեկ սեզոնի ընթացքում: Կան նաև արոտավայրերի հետ կապված խնդիրներ», — ասում է Վարդուհին:

Ազավրեթ գյուղի բնակիչ Երջո Չախալյանն այժմ պահում է չորս կով, մինչդեռ նախկինում ուներ յոթ կամ ութ: Նա ասում է, որ ցածր շահութաբերության պատճառով, ստիպված է եղել կրճատել իր անասունների գլխաքանակը:

«Կաթը զգալիորեն արժեզրկվել է. մեկ լիտրն այժմ 1.70 լարի է, ամռանն այն 1.50 լարի էր: Մսի 1 կիլոգրամը 22 լարի է: Հովիվների հետ կապված խնդիր կա՝ մեկ օրվա աշխատանքն արժե 120 լարի, ու դեռ հնարավոր էլ չի գտնել: Ես ուզում են ավելացնել իմ անասունների քանակը, բայց դժվար է այն պահել: Եթե գոնե կաթի գինը մնա 2 լարի ամբողջ տարվա ընթացքում, ապա անասուններ պահելը շահութաբեր կլինի», — ասում է ֆերմերը:

Ազավրեթից Պետրոս Չախալյանը նույնպես կարծում է, որ հիմնական խնդիրը կաթի ցածր գինն է: Նա պահում է չորս կով:

«Հովիվներ չկան, կաթն էժան է, իսկ պանրի արտադրությունը՝ ոչ շահութաբեր», — հակիրճ նշում է Պետրոսը:

Ազավրեթի բնակիչներից մեկը պատմեց, որ ցանկանում է զբաղվել անասնապահությամբ, քանի որ գյուղում փաստացի այլ աշխատանք չկա: Սակայն ցածր շահութաբերության պատճառով նա իր անասունների քանակը հինգից կրճատել է մինչև երկուսի:

Ազավրեթից Սարգիս Մելքոնյանը կարծում է, որ նախկինում, անասնապահությունը գյուղացիների համար ավելի շահավետ էր, քան հողագործությունը։

«Եթե Ադրբեջանցի գնորդները չլինեն, մեր անասունների միսը չէր վաճառվի, և մենք կհայտնվեինք անելանելի վիճակում», — ասում է նա։

Մինչդեռ Դադեշ գյուղից Վարազդատ Հակոբյանը չի բողոքում իր եկամուտներից։ Նա ունի ութ Հոլշտեյն և Շվից տեսակի կով, որոնք օրական տալիս են 28-30 լիտր կաթ։

Նա եվրոպական ցեղատեսակները ձեռք էր բերել 2019 թվականին։ Սկզբում դժվարություններ կային, կովերը հատուկ անասնակերի կարիք ունեին և վատ էին հարմարվել տեղական կլիմայական պայմաններին։ Այժմ, ըստ Վարազդատի, ֆերման շահութաբեր է դարձել։ Նա կաթը վաճառում է մեկ լիտրը 2 լարիով։

«Եթե կաթի գինը մնա 2 լարի մեկ լիտրի դիմաց, անասնապահությունն ինձ համար շահութաբեր կմնա։ Ե՛վ կաթը, և՛ միսը թանկացել են, ես գոհ եմ։ Ես հովիվի կամ արոտավայրերի խնդիր չունեմ։ Ես օգտագործում եմ հատուկ կերեր։ Եվրոպական ցեղատեսակները մեծ ուշադրություն են պահանջում, բայց նրանք եկամտաբեր են», — նշում է Վարազդատ Հակոբյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում անասնապահությունը վերափոխման փուլում է։ Փոքր ֆերմաների մեծ մասի համար այն դարձել է անշահավետ՝ ցածր գների, աշխատուժի պակասի և մարքեթինգային դժվարությունների պատճառով։ Միևնույն ժամանակ, արդիականացումը և արտադրողական ցեղատեսակների ներդրումները կարող են ոլորտը շահութաբեր դարձնել, բայց դրանք բոլորի համար մատչելի չեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝