նորություններ 26 Փետրվարի, 2026 • Ազավրեթի բնակիչները լրացուցիչ աղբամաններ են խնդրում, քանի որ առվակը խեղդվում է աղբի մեջ

Բարձրալեռ Ազավրեթ գյուղը, որտեղ ապրում է մոտ 300 ընտանիք, բախվում է կենցաղային աղբի խնդրին։ Գյուղի մուտքի մոտ գտնվող միակ աղբամանը բավարար չէ։ Որոշ բնակիչներ իրենց աղբը նետում են գյուղով անցնող առվակը։ Տեղական իշխանությունները խոստանում են այս տարի լրացուցիչ աղբամաններ տեղադրել և լուծել աղտոտվածության խնդիրը։

Բարձրալեռ Ազավրեթ գյուղը գտնվում է Ախալքալաքից կես ժամվա հեռավորության վրա։ Գյուղն ապահովված է բնական գազով և խմելու ջրով, իսկ ճանապարհը վերանորոգվել է անցյալ տարի։ Սակայն, Ազավրեթը աղբամանների կարիք ունի։

Որոշ բնակիչներ կենցաղային աղբը նետում են գյուղով հոսող առվակը։ Ընդ որում բնակիչներն իրենք էլ բողոքում իրավիճակից։ Առվակի մոտ գտնվող տների բնակիչները պնդում են, որ աղբն այնտեղ է բերվում գյուղի այլ մասերից։ Մինչդեռ ավելի հեռավոր տների բնակիչները պնդում են, որ աղբը թափում են առվի մոտակայքում ապրող իրենց համագյուղացիները։

Ազավրեթում կա մոտավորապես 300 տնտեսություն։ Բուռնաշեթի կողմից գյուղի մուտքի մոտ տեղադրված է մեկ մեծ աղբաման, որտեղ գյուղացիները թափում են իրենց աղբը։ Սակայն բնակիչները կարծում են, որ մեկ աղբամանը, նույնիսկ մեծը, բավարար չէ այդքան շատ բնակչության համար։ Բացի այդ, աղբամանը գտնվում է գյուղի ծայրամասում՝ մուտքի մոտ, ինչն անհարմար է շատ բնակիչների համար։ Հենց դրա համար էլ ոմանք «լուծում» են գտել՝ աղբը նետում են առվակը։

musor azarvet

Գյուղի բնակիչ Արմեն Ծորմուտյանը վրդովված է իրավիճակից.

«Աղբամանը պետք է տեղադրվի այստեղ՝ ջրի մոտ, որպեսզի մարդիկ իրենց աղբը նետեն աղբամանների մեջ, այլ ոչ թե առվի մեջ։ Ինչու պետք է ես նկատողություն անեմ։ Ինձ պատասխանում են. «Քո ի՞նչ գործ։ Իմ տունը հեռու է առվակից», — ասում է Արմեն Ծորմուտյանը։

Մի բնակիչ, ով ցանկացավ անանուն մնալ, նշեց, որ առվին մոտ տների բնակիչներն իրենց աղբն այնտեղ չեն նետում։

musor rechka

Սասուն Մանուկյանը բարձրացրեց նաև գյուղի մյուս կողմում գտնվող գյուղի աղբավայրի մաքրման հարցը.

«Երբ է մաքրվելու գյուղի մյուս կողմում գտնվող աղբավայրը։ Այնտեղ էլ է պետք է տեղադրել մեծ կոնտեյներ։ Այնտեղ են իրենց աղբը նետում նաև հարևան գյուղի բնակիչները», — ասում է Սասուն Մանուկյանը։

Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Սիփան Շիպակցյանը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է տեղադրել լրացուցիչ կոնտեյներներ։

«Ճանապարհը վերջերս է ասֆալտապատվել, և գյուղի մուտքի մոտ մեծ կոնտեյներ կա։ Մարդիկ աղբը միշտ էլ նետել են այս առվակը։ Հետո մենք բացում ենք ջրամբարի ջուրը, և ուժեղ հոսանքը տանում է ամբողջ աղբը։ Մեր գյուղացիներից բացի ով կարող է աղտոտել ջուրը, իհարկե, ոչ ոք բացի մեր գյուղացիներից։», — ասում է Սիփան Շիպակցյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը մեկնաբանեց իրավիճակը և հաստատեց, որ մունիցիպալիտետը նախատեսում է ստանալ 150 աղբաման, որոնք կբաշխվեն գյուղերի միջև։

«Երբ մենք ստանանք կոնտեյներները, ես կգնամ և տեղում կտեսնեմ վիճակը։ Անկասկած, գյուղում աղբամանների կարիք կա»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝