նորություններ 25 Փետրվարի, 2026 • Շնչառական սինցիտիալ վիրուսը Վրաստանում գալիս է փոխարինելու գրիպին. Չխաիձե

Գրիպը այլևս Վրաստանում գերիշխող վիրուս չէ, նրա տեղը զբաղեցնում է շնչառական սինցիտիալ վիրուսը, BMGTV-ի «Գործարար առավոտ» հաղորդման ժամանակ հայտարարել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն։

Նա ասաց, որ երկրում արդեն նկատելի է ինչպես համաճարակաբանական իրավիճակի փոփոխություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ, հատկապես երեխաների տարիքային խմբում։

«Այս տարվա հինգերորդ օրացուցային շաբաթում գրիպի ընդհանուր հիվանդացության մակարդակը կազմել է 43%, իսկ վեցերորդ շաբաթում, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վերջին տվյալների, այս ցուցանիշը նվազել է մինչև 23%: Սա էական փոփոխություն է, ըստ որի հասկանալի է, որ գրիպի գագաթնակետն արդեն անցել է»,-ասել է Չխաիձեն։

Նրա խոսքով՝ գրիպի ակտիվության նվազմանը զուգընթաց, այլ շնչառական վիրուսները սովորաբար վերաակտիվանում են: Այս տարի առաջատար դիրք է գրավել շնչառական սինցիտիալ վիրուսը (RSV):

«Սովորաբար, երբ գրիպի ակտիվությունը նվազում է, նրան փոխարինում է մեկ այլ վիրուս, և այս տարի դա շնչառական սինցիտիալ վիրուսն է: Այս վիրուսը հատկապես ծանոթ է 2-3 տարեկանից փոքր երեխաներ ունեցող մայրերին, քանի որ այն երեխաների մոտ առաջացնում է բրոնխիոլիտ»,-նշել է նա։

Չխաիձեի խոսքով, մինչդեռ գրիպի բնորոշ բարդություը թոքաբորբն է, շնչառական սինցիտիալ վիրուսի (RSV) հիմնական բարդությունը բրոնխիոլիտն է՝ փոքր բրոնխների բորբոքումը։ Նրա տվյալների համաձայն, բրոնխիոլիտի դեպքերի մոտ 70%-ը կապված է այս վիրուսի հետ։

«Հոսպիտալացման դեպքում, հատկապես մանկական հիվանդանոցներում, թոքաբորբն այլևս առաջնային ախտորոշում չէ՝ բարդությունների առումով, նրան փոխարինել է բրոնխիոլիտը։ Այն բնութագրվում է շնչառության հաճախականության կտրուկ աճով, հազի նոպաներով, խռպոտությամբ և օժանդակ մկանների ներգրավմամբ շնչառության գործողության մեջ, և մայրը նկատում է, որ երեխայի միջկողային տարածությունները և կրծքավանդակը սեղմված են»,-բացատրել է Չխաիձեն։

Նրա խոսքով, եթե նման ախտանիշներ են ի հայտ գալիս, անհրաժեշտ է բժշկական զննում և, շատ դեպքերում, հոսպիտալացում, հատկապես 6 ամսականից փոքր երեխաների մոտ։

«Այս հիվանդության համար հատուկ բուժում չկա, բայց այն պահանջում է լրացուցիչ թթվածնային թերապիա և աջակցող խնամք։ Բուժումը պետք է անցկացվի հիվանդանոցային պայմաններում, հատկապես փոքր երեխաների մոտ, քանի որ նրանց մոտ հիվանդության ընթացքը համեմատաբար ծանր է»,-նշել է նա։

Պրոֆեսորի խոսքով՝ շնչառական սինցիտիալ վիրուսը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն երեխաների համար։ Բարձր ռիսկի խմբում են 65 տարեկանից բարձր մարդիկ և թուլացած իմունային համակարգ ունեցողները։

«Միացյալ Նահանգներում ամեն տարի 65 տարեկանից բարձր 10 000-ից 30 000 մարդ է մահանում շնչառական սինցիտիալ վիրուսի առաջացրած բարդություններից։ Դրանք են հիմնականում թոքաբորբը ու շնչառական անբավարարությունը։ Վիրուսը բարդությունների առաջացման բարձր ռիսկ է ներկայացնում այս տարիքային խմբում»,-հավելել է Չխաիձեն։

Կանխարգելման վերաբերյալ նա նշում է, որ շնչառական սինցիտիալ վիրուսի դեմ պատվաստանյութերը հասանելի են դարձել վերջին տարիներին, չնայած դրանց կիրառումը դեռևս լայն տարածում չի գտել։

«Միացյալ Նահանգներն այս առումով առաջատար է՝ տարբեր տարիքային խմբերի համար օգտագործելով տարբեր տեսակի պատվաստանյութեր։ Այս հարցը քննարկվում է Վրաստանում։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ՝ պատվաստանյութի ներդրման շրջանակը և ձևը քննարկելու համար։ Փաստն այն է, որ նման պատվաստանյութ գոյություն ունի, և դա միայն ժամանակի հարց է»,-եզրափակել է Իվանե Չխաիձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝