Ախալքալաքի որոշ բնակիչներ բողոքում են, որ հունվարին սպառված բնական գազի համար, փետրվարին ստացել են բարձր հաշիվներ: Ոմանք նույնիսկ պաշտոնապես խնդրել են ստուգել իրենց հաշվիչների ցուցումների ճշգրտությունը: Jnews-ը պարզաբանումների համար դիմեց գազաբաշխիչ ընկերություն:
Ախալքալաքի որոշ բնակիչներ պնդում են, որ իրենց հունվար ամսվա գազի հաշիվները շատ բարձր են եղել: Պարզելու համար, թե քանի մարդ է այդպես համարում, Jnews-ը հարցում անցկացրեց Instagram-ում: Արդյունքում, քվեարկել է 110 մարդ, որոնցից 97-ը նշել է, որ իրենց հաշիվները շատ են, նրանցից երեքը նշել են, որ իրենց հունվար ամսվա հաշիվն իրականում ավելի ցածր է եղել: Տասը մարդ հայտնել է, որ էական փոփոխություն չի եղել: Իրավիճակը պարզաբանելու համար մենք դիմեցինք SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանին:
Նրա խոսքով, դեկտեմբեր ամսվա ցուցանիշները վերցվել են դեկտեմբերի 26-27-ին, ուստի հունվարյան հաշիվը ներառում էր նաև դեկտեմբերի վերջի չորս-հինգ օրվա ծախսերը։
«Սա մեկ գործոն է։ Բացի դրանից, դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք գնել ենք մոտավորապես 1 200 000 խորանարդ մետր գազ ավելի, քան սովորաբար, ինչը 15%-ով ավելի է սովորականից։ Այս գազն ամբողջությամբ սպառվել է։ Եղել են մի քանի դեպքեր, երբ բնակիչները պաշտոնապես խնդրել են իրենց հաշիվների ճշգրտությունը ստուգել։ Այս ստուգումների ընթացքում պարզվել է, որ, օրինակ, հարցումից 10 օր անց սպառումն արդեն հասել էր 300 խորանարդ մետրի, չնայած այն հանգամանքին, որ մարդիկ բողոքել էին ամսական իբր ուռճացված 800 խորանարդ մետրի համար։ Մենք ստուգել ենք բոլոր դիմումները և որևէ խախտում չենք հայտնաբերել։ Մի քանի հաշվիչ ուղարկվել է ստուգման, ինչը հաստատել է դրանց նորմալ աշխատանքը», — բացատրում է Վրեժ Բերիկյանը։
Ընկերությունը բնական գազի սակագինը 2026 թվականի համար թողել է անփոփոխ․ Ֆիզիկական անձանց համար մեկ խորանարդ մետրի գինը կազմում է 0.5238 լարի։ Իրավաբանական անձանց համար սակագինը հաշվարկվում է ցենտերով, ապա բանկային փոխարժեքին համապատասխան, փոխարկվում է լարիի: SJGC-ի տնօրենի խոսքով, դեկտեմբեր և հունվար ամիսներին իրավաբանական անձանց համար սակագինը կազմել է 1.28–1.29 լարի։
Բնակչության կողմից սակագների բարձրացման վերաբերյալ որոշ պնդումների վերաբերյալ Վրեժ Բերիկյանը նշեց․
«Մենք չէինք կարող սխալ սակագին կիրառել, քանի որ հաշվարկները կատարվում են ավտոմատ կերպով, ծրագրային ապահովման միջոցով։ Ավելին, մեր գործունեությունը վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից։ Եթե սխալ թույլ տրվեր, մենք ստիպված կլինեինք վերահաշվարկել։ Դեկտեմբերին և հունվարին հաշվարկները ճիշտ էին, և իրավիճակը նույնը կլինի նաև փետրվարին։ Նման լուրերը տարածում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ», — հավելեց նա։



