Ընդհանուր առմամբ, եթե նայենք աշխատաշուկայի վերլուծության արդյունքում բացահայտված տվյալներին, կտեսնենք, որ տարեկան մոտավորապես 14 400 ուսանող պետք է ընդունվի համալսարաններ,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է աշխատաշուկայի հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ։
Ինչպես նշեց վարչապետը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցումը տեղի կունենա աստիճանաբար։
«Եթե խստորեն հետևենք այսօրվա իրականությանը, աշխատաշուկայի պահանջներին, ապա ընդունվող ուսանողների թիվը պետք է կազմի 14 400: Սակայն, երբ քվոտաները բաշխվեցին, մենք հաշվարկեցինք հնգամյա հեռանկար և հաշվի առանք նաև ներկայիս հանգամանքները»։
Օրինակ՝ իրավագիտության դեպքում՝ 3 600 դիմորդ, աշխատաշուկայում պահանջարկը մոտ 700 իրավաբան է, սակայն դիմորդների քանակը այնքան մեծ է, որ չենք կարող անտեսել այն, ուստի որոշում ենք կայացրել աստիճանաբար նվազեցնել այս թիվը մինչև 700, ոչ թե կտրուկ, որպեսզի կտրուկ հակասություն չառաջանա դիմորդների պահանջների և ընդունելության միջև։ Մենք որոշել ենք աստիճանաբար անցնել օպտիմալ թվերի, համապատասխանաբար, 3 600-ից մենք կտրուկ չենք կրճատում մինչև 700, այլ մինչև 1 500, և այդ դեպքում համապատասխան տվյալները աստիճանաբար կհավասարակշռվեն։ Կան նաև դեպքեր, երբ պահանջարկն ավելի բարձր է, քան ընդունված ուսանողների ներկայիս թիվը, սակայն բարձրագույն կրթության համակարգում կան նաև այլ խնդիրներ, օրինակ՝ կա համապատասխան բարձր որակավորում ունեցող ակադեմիական կադրերի պակաս։ Հետևաբար, այս դեպքում մենք որոշել ենք տարեցտարի աստիճանաբար ավելացնել ընդունված ուսանողների թիվը՝ հասցնելով այն օպտիմալ մակարդակի։
Մենք ունենք տվյալներ, որոնք մեզ ասում են, որ, որպես կանոն, համալսարաններում պետք է ընդունվի 14 400 ուսանող, բայց հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, որոնց մասին խոսում էի, կնդունվեն 21 300 ուսանող: Համապատասխանաբար, մենք 50 տոկոսով գերազանցում ենք մեր աշխատաշուկայի վերլուծության կողմից տրված օպտիմալ ցուցանիշը։ Մենք պետք է աստիճանաբար ապահովենք աշխատաշուկայի պահանջների և ուսանողների ընդունելության մակարդակի լիակատար համընկնում»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։



