Հոկտեմբերի 16-ին Իրակլի Կոբախիձեն ներկայացրեց բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգը:Նա խոսեց համակարգում առկա 7 հիմնական մարտահրավերների և բարեփոխման 7 հիմնական առաջադրանքնեի մասին։
Առանձնապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ ներկայացված հայեցակարգում, այլ պաշտոնական հայտարարություններում ևս, ընդհանրապես չի հիշատակվում «1+4» ծրագիրը՝ մի մեխանիզմ, որը տարիների ընթացքում ձևավորվել է որպես էթնիկ փոքրամասնությունների բարձրագույն կրթության մեջ ներգրավվածության հիմնական գործիք, ինչը հասարակության մեջ անորոշություն և անհանգստություն է առաջացրել:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն այս հարցը պարզաբանելու համար կապ է հաստատել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ, և ինչպես նշվել է` «1+4» ծրագրում այս փուլում էական փոփոխություններ չեն նախատեսվում։ Դրա հետ մեկտեղ, նախարարությունից հայտնել են, որ այս ծրագիրը կշարունակի իր գործունեությունը մինչև 2030-2031 ուսումնական տարին ներառյալ, և դրա շրջանակներում ուսումն ամբողջությամբ կֆինանսավորի պետությունը։
«Բարձրագույն ուսումնական հաստատությունում «վրաց լեզվի նախապատրաստական կրթական ծրագրով» դիմորդների ընդունելությունը ժամանակավոր միջոցառում է և գործում է մինչև 2030-2031 ուսումնական տարին ներառյալ։ Համապատասխանաբար, 2026 թվականին կգործի վրաց լեզվի նախապատրաստական կրթական ծրագիրը։ Վրաստանի կառավարության հիմնադրած բարձրագույն ուսումնական հաստատությունում Վրաստանի քաղաքացու ուսումն ամբողջությամբ կֆինանսավորի պետությունը», — պատասխանել են նախարարությունից:
Նաև կարևոր է նշել, որ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգի համաձայն՝ բակալավրիատում ուսումը 4 տարվա փոխարեն դառնում է 3 տարի, համապատասխանաբար կրճատվում է նաև «1+4 ծրագրի» տևողությունը. էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդները 1 տարի վրաց լեզվի նախապատրաստումից հետո ուսումը կշարունակեն բակալավրիատում, որտեղ կսովորեն ոչ թե 4, այլ 3 տարի։
Ընդգծելի է նաև այն փաստը, որ այս տարվա փետրվարի 12-ին Վրաստանի կառավարությունը հաստատել է պետական համալսարաններում ուսանողների ընդունելության քվոտաները։ Նշված որոշման համաձայն՝ զգալիորեն փոխվել է համալսարաններ ընդունվող ուսանողների ընդհանուր թիվը, նաև` այն համալսարաններում, որտեղ գործում է «1+4 ծրագիրը»։ Օրինակ՝ Թբիլիսիի պետական համալսարան ընդունվող ուսանողների ընդհանուր թիվը կրճատվել է մինչև 6650, Իլիայի պետական համալսարանում այդ թիվը կրճատվել է մինչև 300 ուսանող, Վրաստանի տեխնիկական համալսարանում կրճատվել է մինչև 3880, իսկ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ մինչև 220: Դրա հետ մեկտեղ, Բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգով սահմանված «Մեկ քաղաք՝ մեկ ֆակուլտետ» սկզբունքի շրջանակներում պետական համալսարանները վերադարձվեցին իրենց պատմական պրոֆիլներին, և փոփոխվեց կրթական ծրագրերի ցանկը՝ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի աստիճաններում։
Այս ամենը հաշվի առնելով՝ թե ինչպես տեղի կունենա ընդունելությունը «1+4» ծրագրով, քանի տեղ է սահմանված էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ դիմորդներին ըստ համալսարանների, որտեղ գործում է այս ծրագիրը, ինչ ճակատագիր կունենան այն ուսանողները, որոնք այս տարի ավարտում են այս ծրագիրը և պետք է ընտրեն բակալավրիատի ծրագիր, և այլ կարևոր հարցեր դեռևս անորոշ են։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ն այս հարցերը պարզելուն պես կտրամադրի մանրամասն տեղեկատվություն։
Վրաց լեզվի նախապատրաստական կրթական ծրագիրը, որը հասարակության մեջ հայտնի է որպես «1+4» ծրագիր, Վրաստանի բարձրագույն կրթության համակարգում գործող արտոնյալ քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է։ Դրա հիմնական նպատակն է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար բարձրագույն կրթության հասանելիության բարձրացումը և նրանց քաղաքացիական ինտեգրմանը նպաստումը։



