«Լինում է ժամանահ, երբ տրանսպորտային միջոցը սահմանը հատելու համար սպասում է 30-35 օր, սա աղետ է», — BusinessPressNews-ին հայտարարել է Ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի ղեկավար Իրակլի Նեմսաձեն։
Նրա խոսքով՝ այս ոլորտի գլխավոր ենթակառուցվածքային խնդիրներից մեկը մաքսային անցակետերի ցածր թողունակությունն է, ինչը հանգեցնում է մատակարարումների ուշացումների։
«Հիմնական ենթակառուցվածքային խնդիրը մաքսային անցակետերի թողունակությունն է։ Այն բավականին ցածր է, և դրա պատճառով սահմանների մոտ հարյուրավոր մեքենաներ սպասում են իրենց հերթին: Սա երկկողմանի երթևեկության խնդիր է։ Ցանկացած սահմանի ճանապարհի մի կողմից վրացական կողմն է, մյուս կողմից՝ մյուս երկրի կողմը։ Եթե սահմաններից որևէ մեկը գործում է ուշացումներով, ընդհանուր թողունակությունը նվազում է։ Օրինակ, եթե վրացական կողմը թույլ է տալիս տրանսպորտային միջոցներին առանց խնդրի հատել սահմանը, բայց, օրինակ՝ թուրքական կողմը չի կարող սահմանը հատելու գործընթացն արագացնել, ապա վրացական կողմը նույնպես ստիպված է լինում թույլ տալ տրանսպորտային միջոցներին դանդաղ հատել սահմանը։ Ամենախնդրահարույցը, իր բարձր բեռնաշրջանառության պատճառով, Սարփիի մաքսային անցակետն է, որը սահմանակից է Թուրքիային։ Նույնը վերաբերում է նաև Կազբեգի-Զեմո Լարսի սահմանային անցակետին։ Աշխարհագրական և կլիմայական գործոնները նույնպես նպաստում են բեռնափոխադրման խնդիրներին։ Մենք ունենք երկու կրիտիկական ժամանակահատված՝ ձմեռ և ամառ», — ասել է Իրակլի Նեմսաձեն:
«Ըստ էության, վարորդների մոտ վերջանում է սնունդը, գումարը և այլ ռեսուրսներ։ Բնականաբար, սա խափանումներ է առաջացնում բեռի սեփականատիրոջ համար մատակարարման գործում։ Ինչ անել՝ կախված է իրավիճակի ըմբռնումից։ Ամեն օր այս վիճակում գտնվող մեքենան երաշխավորված ծախս է։ Վարորդը ստանում է աշխատավարձ, նրան անհրաժեշտ է ապահովել սնունդ և հանգիստ։ Վառելիքը ծախսվում է անիմաստ, քանի որ մեքենան չի կարող երկար ժամանակ անշարժ կանգնած մնալ, հատկապես հաշվի առնելով, որ հաճախ պետք է աշխատել ցրտի պայմաններում։ Մի խոսքով, սա աղետ է վարորդի համար՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական առումով», — հավելել է նա։
Նեմսաձեի խոսքով՝ անհրաժեշտ է հեշտացնել մաքսային համակարգերի համաժամեցումը հարևան երկրների հետ։
«Առաջին հերթին ամենակարևորը մաքսային համակարգերի համաժամեցումն է գործընկեր և հարևան երկրների հետ։ Մենք պետք է վերահսկենք բեռների և տրանսպորտային միջոցների շարժը մեկ միասնական համակարգում և հնարավորինս արդյունավետ ձևով։ Օրինակ, եթե դուք ինչ-որ բան ստուգում եք «X» համակարգում և ունեք բեռների առաքման բոլորովին այլ չափանիշներ, իսկ ես ունեմ այլ համակարգ և այլ պահանջներ քսան մետրանոց գաբարիտների նկատմամբ, բնականաբար դա հաճախ կհանգեցնի կանգառների և տրանսպորտի տեղաշարժի խոչընդոտման։ Առաջին քայլը հենց դա է՝ մաքսային վերահսկողության մեխանիզմների համաժամեցումը մեր հարևան երկրների հետ, այս գործընթացների առավելագույն թվայնացումը և դրանց համատեղելիության ապահովումը», — ասել է Իրակլի Նեմսաձեն։



