Պետական սերվիսների զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, տարածված տեղեկատվությունը, թե իբր նոր անձնագրերում առկա թերության պատճառով Վրաստանի տասնյակ քաղաքացիների հետ են վերադարձրել սահմանից, չի համապատասխանում իրականությանը։
Միևնույն ժամանակ, գործակալությունում հայտնում են, որ եզակի դեպքերը հետաքննում են այլ գերատեսչությունների հետ համատեղ։
«Պետական սերվիսների զարգացման գործակալությունն արձագանքում է տարածված տեղեկատվությանը, թե իբր նոր անձնագրերում առկա թերության պատճառով Վրաստանի տասնյակ քաղաքացիների հետ են վերադարձրել սահմանից։ Շեշտում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, անձնագրերի որակի հետ կապված նման ռիսկեր գոյություն չունեն, և քաղաքացիներն այդ պատճառով տեղաշարժի խնդիրներ չեն ունենա։
Տարածված կոնկրետ եզակի դեպքերը գործակալությունը հետաքննում է այլ գերատեսչությունների հետ համատեղ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ։
Պետական սերվիսների զարգացման գործակալությունը աշխատանքային գործընթացի շրջանակներում մշտապես իրականացնում է իր կողմից տրված փաստաթղթերի մոնիտորինգ։ Այն դեպքում, եթե գործընթացում կամ հետագա փուլում ի հայտ գա որևէ անհրաժեշտություն, գործակալությունն անհատապես կապ է հաստատում յուրաքանչյուր քաղաքացու հետ՝ ինչպես փաստաթղթերի ճշգրտությունն ու անվտանգությունը, այնպես էլ քաղաքացիների շահերի պաշտպանությունն ապահովելու համար։
Մոնիտորինգի և կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բացահայտված անհրաժեշտության համաձայն՝ գործակալությունն անհատապես կապվել է քաղաքացիների հետ տեղեկատվությունը ճշտելու նպատակով և առաջարկել նույն օրը լիովին անվճար փոխարինել փաստաթղթերը։
Նշված պրակտիկան լիովին համապատասխանում է փաստաթղթերի կառավարման և անվտանգության հաստատված միջազգային ստանդարտներին և հանդիսանում է որակի ապահովման գործընթացի բաղկացուցիչ մաս։ Տվյալ մոտեցումը նպատակ ունի մշտապես բարելավել ծառայությունների մատուցման որակը և քաղաքացիներին մատուցել վստահելի, բարձր ստանդարտների սպասարկում։ Պետական սերվիսների զարգացման գործակալությունը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին համագործակցության համար», – ասված է հայտարարության մեջ։



