Երեկ, փետրվարի 20-ին, Ախալքալաքի №1, Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան, որը նշվում է այսօր՝ փետրվարի 21-ին։
Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումը պատրաստել էին յոթերորդ դասարանի աշակերտները, իսկ կազմակերպել էր այն հայոց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Մուրադյանը։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ և հյուրեր։
Աշակերտները երգեցին, պարեցին, ասմունքեցին, կատարեցին մեջբերումներ հայ և օտարազգի բանաստեղծներից, որոնք արտահայտվել էին հայոց լեզվի մասին։
Միջոցառման նպատակը դպրոցականների շրջանում մայրենի՝ հայոց լեզվի հանդեպ սեր սերմանելն էր, ազգային ինքնության ամրապնդումն ու մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորումը։
«Որպեսզի մեր երեխաները խոսեն, մտածեն, սիրեն, գնահատեն և հավատարիմ մնան իրենց իսկ ինքնությանը, քանի որ այն մեր լինելիության, պատմության և ապագայի երաշխիքն է», — նշեց միջոցառման կազմակերպիչը՝ հայոց լեզվի ուսուցչուհի Սվետլանա Մուրադյանը։
Միջոցառումն անցավ ջերմ ու հուզիչ մթնոլորտում։






