Վրաստանում ստեղծվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշներին համապատասխանող շտապ բժշկական օգնության խումբ։ Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տարածել այս մասին։
Նախարարության տվյալներով՝ Թբիլիսիի ծովին հարակից տարածքում անցկացվել է EMT-1 դաշտային սիմուլյացիոն վարժանք՝ խմբի պատրաստվածությունը գնահատելու համար։
«Վարժանքի հիմնական նպատակն էր ստուգել արձագանքման արագությունը, համակարգումը և ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։
Սցենարները ներառում էին զանգվածային աղետների, այդ թվում՝ ջրհեղեղների, երկրաշարժերի, սողանքների և մարդածին վթարների պայմանները։ Իրականացվել է զոհերի տեսակավորում, արտակարգ օգնության տրամադրում և հիվանդների տեղափոխում։
Արտակարգ իրավիճակների ժամանակ դաշտային պայմաններում թիմը ցուցաբերում է շտապ բժշկական օգնություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ երկրից դուրս։
Շտապ բժշկական օգնության (ՇԲՕ) թիմը ներառում է. բժիշկներ, շտապօգնության աշխատակիցներ, բուժքույրեր, լոգիստիկայի և տեխնիկական սպասարկման աշխատակիցներ, որոնք, դեպքի վայր ժամանելուն պես, անմիջապես սկսում են ստեղծել դաշտային, շտապ հիվանդանոց և ընդունել ցանկացած ծանրության հիվանդների։
Նախարարի խոսքով՝ նշված թիմի գոյությունը զգալիորեն ամրապնդում է երկրի պատրաստվածությունը տարբեր տեսակի ճգնաժամերին օպերատիվ արձագանքելու համար։ Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել ՇԲՕ թիմին բարձր պրոֆեսիոնալիզմի և ամենօրյա նվիրվածության համար՝ նշելով, որ նրանց աշխատանքը կարևորագույն նշանակություն ունի ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ ամենօրյա բժշկական մարտահրավերների կառավարման գործում։
Նախագիծն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Եթե ստուգումը հաջողությամբ ավարտվի, ՇԲՕ-1 թիմը կստանա միջազգային դասակարգում, որը թույլ կտա այն գործել։ համաշխարհային մակարդակով», – ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։



