Փետրվարի 18-ին Ախալքալաքի նախկին «15-րդ ավանում» ուժեղ քամին պոկել էր Աղմաշենեբելի փողոցի թիվ 20 շենքի տանիքի մի մասը։ Բնակիչներն արդեն սկսել են վերականգնել տանիքը և ստորագրություններ են հավաքում՝ վնասի փոխհատուցման խնդրանքով քաղաքապետարան դիմելու համար։
Փետրվարի 17-ին և 18-ին Ախալքալաքում ուժեղ քամի էր, որը փոշի և աղբ էր բարձրացնում օդ: Փետրվարի 18-ին ուժեղ քամու հետևանքով Աղմաշենեբելի փողոցում գտնվող բազմահարկ շենքի տանիքի մի մասը պոկվել էր: Ալյումինե ծածկույթը և դուրս ցցված մեխերով տախտակները ընկել էին տան մոտ՝ կոտրելով շենքի բակում կայանված մեքենայի ապակին։ Հրաշքով, ոչ ոք չի տուժել, քանի որ այդ պահին մոտակայքում ոչ ոք չի եղել: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Թիվ 20 շենքի բակը շրջապատված էր ոստիկանական ժապավենով:
Քամու պատճառով պոկված տանիքի շենքի շքամուտքում ավազ և քարեր էր լցվել։
Բնակիչները մտահոգություն էին հայտնում, որ տան տանիքը բաց է, իսկ հաջորդ օրը սպասվում էր վատ եղանակ և ձյուն։
Հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, իսկապես ձյուն տեղաց՝ պատճառելով աննշան վնաս բնակիչներին, ովքեր մնացել էին առանց լիարժեք տանիքի։ 19-րդ բնակարանի սենյակներից մեկի առաստաղը խոնավացել է։
Բնակիչներն արդեն երկու օր է վերականգնում են տանիքը և ստորագրություններ են հավաքում դիմումի տակ, որպեսզի քաղաքապետարանը կարողանա օգնել եղանակային պայմանների պատճառած վնասը հատուցելու հարցում։
«Մենք փակում ենք տանիքը, քանի որ օգնության տրամադրումը կարող է երկար գործընթաց լինել։ Չենք կարող սրել իրավիճակը վնասը ավելացնելով»,-ասաց տուժած բնակարանների բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ նախկին «15 ավանի» բազմաբնակարան շենքերը չեն պատկանում քաղաքապետարանին, Ախալքալաքի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել տուժածներին, որը կծածկի շինանյութերի ծախսերը։


