նորություններ 20 Փետրվարի, 2026 • Կրթական բարեփոխման ծրագրում էթնիկ փոքրամասնությունների ճակատագիրն անհայտ է

Վրաստանում կրթական բարեփոխումների շրջանակներում պետական համալսարաններում ուսանողների բաշխման առավելագույն քվոտաները հաստատված են, ինչը նշանակում է, որ գալիք ուսումնական տարում արդեն ուսանողներն ըստ համալսարաններում առկա ֆակուլտետների են կայացնելու իրենց ընտրությունը: Չնայած դրան, անորոշ  հարցեր շատ կան կապված «1+4» ծրագրի վերաբերյալ։ Հստակեցված չէ ոչ միայն եկող ուսումնական տարում ընդունվող ուսանողների քանակը, նաև պարզ չէ այն ուսանողների ճակատագիրը, ովքեր արդեն սովորում են վերապատարաստական ծրագրում և այն ավարտելուն պես տվյալ համալսարանում չի լինի իրենց նախընտրելի մասնագիտությունը:

Օրինակ՝ ԹՊՀ-ում այլևս չի գործի բժշկական ֆակուլտետը, եթե ուսանողը «1+4» ծրագրով ընդունվել էր այդ համալսարան, որպեսզի նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո բժշկական ուղղությամբ շարունակեր, ապա առաջին կիսամյակի ավարտին տեղեկանում է, որ սեպտեմբերից այդ ֆակուլտետն այլևս չի լինի իր ընդունված համալսարանում։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այս ուսանողներին, հնարավոր լինելու է թե՞ ոչ նրանց տեղափոխությունն այլ համալսարան, թե՞ ստիպված են լինելու փոխել նախընտրելի մասնագիտությունը:

Այս եւ այլ հարցերի շուրջ Jnews-ը զրուցել է Իլիայի պետական համալսարանի բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանող, ակտիվիստ Էդիկ Քամալյանի հետ, ում կարծիքով կրթական բարեփոխումը, որն իրականացվում է ընթացիկ տարում, լիովին հակասահմանադրական է, քանի որ հակասում է Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածին, որը պաշտպանում է քաղաքացիների կրթության և ակադեմիական ազատության իրավունքը։

«Այսպես կոչված բարեփոխման միակ նպատակն ակադեմիական համայնքի վրա վերահսկողություն հաստատելն է: Դրա իրականացումը լիովին սահմանափակում է պետական համալսարանների ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը, որոնք կենսական նշանակություն ունեն կրթության, գիտության և հետազոտությունների զարգացման համար: Այսպես կոչված բարեփոխումը մեզ վերադարձնում է Խորհրդային Միություն, որտեղ որակյալ և ուսանողակենտրոն կրթություն չկար», — ասում է նա։

Էդիկի համոզմամբ՝ անհերքելի է, որ կրթական համակարգը բարեփոխման կարիք ունի, սակայն փոփոխությունների ձևն ու մասշտաբը պետք է հիմնված լինեն հանրային և ակադեմիական խորհրդակցությունների վրա: Հակառակ դեպքում, Վրաստանի անկախության ընթացքում ձեռք բերված առաջընթացը զգալիորեն կվնասվի։

«Հատկապես ուշադրության է արժանի բարեփոխման հնարավոր ազդեցությունը «1+4» ծրագրի շրջանակներում համալսարաններ ընդունվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա: Այս ծրագիրը կարևոր մեխանիզմ է ազգային փոքրամասնությունների համար բարձրագույն կրթություն ստանալու ուղղությամբ. նրանք անցնում են վրացերեն լեզվի մեկամյա նախապատրաստական կուրս, ապա շարունակում են ուսումը բակալավրի աստիճանում։ Կրթության նախարարությունից ստացված տեղեկատվությունից, այս փուլում ես միայն գիտեմ, որ վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագիրը կշարունակվի մինչև 2030-2031 ուսումնական տարին:

Այնուամենայնիվ, դեռևս կան մի շարք անորոշ հարցեր: Օրինակ՝

• Ի՞նչ կլինի, եթե այն համալսարաններում, որտեղ ուսանողները պլանավորել էին շարունակել իրենց ուսումը հաջորդ տարվանից՝ վրաց լեզվի նախապատրաստական ծրագիրն ավարտելուց հետո, այլևս չհայտարարվի որոշակի բակալավրի ծրագրերին ընդունելության մասին։

• Ինչպե՞ս են պաշտպանվելու այն ուսանողների շահերը, ովքեր չեն կարողանա ավարտել նախապատրաստական կուրսը սահմանված ժամկետում և ստիպված կլինեն անցնել հավելյալ մեկ կիսամյակ։

• Քանի՞ ուսանող կընդունվի վրաց լեզվի նախապատրաստական ծրագիր, քանի որ կառավարության որոշման մեջ այս մասին առանձին չի նշում»:

Այս հարցերի վերաբերյալ Էդիկը դիմում է ներկայացրել Կրթության նախարարություն և խնդրել է հրապարակային տեղեկատվություն: Սպասում է պատասխանի, որը կհրապարակի ստանալուն պես:

Նա նաև խնդրահարույց է համարում «Մեկ քաղաք՝ մեկ ֆակուլտետ» սկզբունքը, որը զգալիորեն սահմանափակում է դիմորդների ընտրության ազատությունը։ Օրինակ, եթե քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրվել միայն Թբիլիսիի պետական համալսարանում, դիմորդներն այլևս չեն ունենա ընտրություն այլ պետական համալսարանների միջև։ Նման մոդելը հատկապես բացասական ազդեցություն կունենա էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա, քանի որ հիմնական ծրագրերը, որոնցում նրանք ավանդաբար շարունակում են իրենց ուսումը (բիզնես կառավարում, միջազգային հարաբերություններ, անգլերենի բանասիրություն և այլն), կկենտրոնանան մեկ համալսարանում:

«Հատկապես, երբ հաջորդ ուսումնական տարվանից սկսած կրթությունը դառնում է «անվճար» բոլորի համար։ Սա մեծացնում է մրցակցությունը, և գործող քվոտաների համակարգի պայմաններում նրանց մուտքը բարձրագույն կրթություն սահմանափակ է։ Էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների ներգրավվածությունը բարձրագույն կրթության մեջ ուղղակիորեն կապված է նրանց սոցիալական ինտեգրման հետ: Համալսարանում սովորելը, վրացերեն լեզվով շփվելը և բազմազգ միջավայրում ամեն օր շփվելը ամրապնդում են քաղաքացիական ընդհանուր ինքնության զգացումը: Հետևաբար, ցանկացած բարեփոխում, որը նվազեցնում է այս հասանելիությունը, կարող է բացասաբար ազդել ինտեգրման գործընթացի վրա և մեծացնել օտարացման զգացողությունները»:

Էդիկ Քամալյանը կարծում է, որ կարևոր է վերանայել բարեփոխումների գործընթացը և մշակել այն ակադեմիական հանրության, կրթության մասնագետների և շահագրգիռ խմբերի լայն ներգրավմամբ՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Միայն խորհրդակցական և թափանցիկ գործընթացը կապահովի այնպիսի փոփոխությունների ընդունում, որոնք իրականում կամրապնդեն կրթական համակարգը և չեն վնասի խոցելի խմբերին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝