նորություններ 20 Փետրվարի, 2026 • Ախալքալաքի գյուղերում անցկացվում են 2026 թվականի ՕԳԾ-ի նախագծերի ընտրության ժողովներ

Ախալքալաքի մունիցիպալիտետում, 2026 թվականի «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) շրջանակներում, առաջնահերթ նախագծերը որոշելու ժողովներ են անցկացվում։ Ազավրեթ, Բուռնաշեթ, Ղադոլար և Լոմատուրցխ գյուղերի բնակիչներն արդեն կատարել են իրենց ընտրությունը. միջոցներ կհատկացվեն ակումբի, ջեռուցման, փողոցային լուսավորության և գերեզմանատան ցանկապատի վերանորոգման համար։ Ընդ որում, գյուղերի մեծ մասում բնակիչների մասնակցությունն առաջնահերթ ընտրության գործընթացին ցածր էր, իսկ հանդիպումներին կանայք ընդհանրապես չկային։

Փետրվարի 18-ին Jnews-ի թղթակիցը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համակարգող խմբի հետ այցելեց Ազավրեթ, Բուռնաշեթ, Ղադոլար և Լոմատուրցխ գյուղեր։

Ազավրեթ. Ընտրություն ակումբի վերականգնման օգտին

Առաջին ժողովը տեղի ունեցավ Ազավրեթ գյուղում: Համեմատած այլ գյուղերի հետ, այնտեղ ամենամարդաշատն էր: Առաջարկներ արվեցին անասունների համար խմելու ջրի հարմարանք (կուռ) կառուցելու, ինչպես նաև ծիսական տունը վերականգնելու վերաբերյալ, որն, ըստ էության, համարվում է Մշակույթի տուն:

joxovazavret

Քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը նշեց, որ այն ավարտին հասցնելու համար, նպատակահարմար է ընտրել մեկ նախագիծ, և ընդգծեց հանրային վերահսկողության կարևորությունը:

«Դուք՝ գյուղացիներդ, պետք է վերահսկեք, որ աշխատանքները կատարվեն արդյունավետ և ավարտվեն: Գլխավորն այնպիսի նախագիծ ընտրելն է, որը իրատեսորեն կարող է իրականացվել հատկացված միջոցներով», — բացատրեց նա:

Որոշ բնակիչներ կասկած հայտնեցին, որ գյուղին հատկացված գումարով կհաջողվի շենքը լիովին վերականգնել: Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը պարզաբանեց, որ ճշգրիտ արժեքը հայտնի կդառնա միայն նախագծային և նախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուց հետո։

Ազավրեթը ներկայացնող Ախալքալաքի մունիցիպալիտետի պատգամավոր Սիփան Շիպակցյանը նշեց, որ որպեսզի աշխատանքներն ավարտին հասցվեն, քաղաքապետարանը կարող է ֆինանսավորումն ավելացնել սկզբնական գումարի միչև 200%-ի չափով: Նա նաև շնորհակալություն հայտնեց տեղական իշխանություններին ճանապարհի ասֆալտապատման համար, որը բարելավել է գյուղացիների կյանքը։

Բնակիչները դրական գնահատեցին նոր ճանապարհը, բայց նաև նշեցին գյուղի առջև ծառացած այլ խնդիրներ: Տեղական իշխանությունները խոստացան դրանք լուծել փուլ առ փուլ:

Արդյունքում, գյուղացիները որոշեցին վերանորոգել ծիսական տունը (ակումբը): Նրանք նախատեսում են նորոգել հատակը, առաստաղը և խոհանոցը: Ազավրեթ գյուղի համար ՕԳԾ-ով նախատեսված գումարը կազմում է 20 000 լարի։

Բուռնաշեթ. Ջեռուցում ակումբի համար

Բուռնաշեթ գյուղում ՕԳԾ-ի միջոցները հատկացվեցին գյուղի ակումբում ջեռուցման տեղադրելուն: Հատկացված գումարը կազմում է 16 000 լարի:

Ղադոլար. Փողոցային լուսավորության ավարտում

Ղադոլար գյուղի բնակիչները որոշեցին ավարտել փողոցային լուսավորության անցկացումը, այս տարի տեղադրել այն փողոցները, որտեղ չկա: ՕԳԾ-ի գյուղ բյուջեն կազմում է 16 000 լարի:

godolar joxov

«Եթե հատկացված միջոցները կարող են օգտագործվել 10 լուսավորության սյուներ տեղադրելու համար, բայց պարզվի, որ ամբողջ գյուղը լուսավորությամբ ապահովելու համար անհրաժեշտ է 15-ը, տեղական բյուջեն կարող է լրացնել պակասը», — նշեց Մնացական Փամբուխչյանը:

Բնակիչներից մեկն առաջարկեց սյուների տեղադրումը սկսել գյուղի ծայրամասից, այլ ոչ թե կենտրոնից:

Լոմատուրցխ. Գերեզմանոցի ցանկապատում

Լոմատուրցխ գյուղի բնակիչները որոշեցին ծրագրի միջոցներով ցանկապատել գյուղի գերեզմանատունը: Նրանց խոսքով, ցանկապատի երկարությունը գերազանցում է 300 մետրը: Որոշվեց, որ եթե նախագծման ավարտից հետո մնա անավարտ հատված (մոտավորապես 20 մետր), տեղական բյուջեն կլրացնի աշխատանքներն ավարտելու համար նախատեսված միջոցները:

joxov lomaturcx

Լոմատուրցխ գյուղի համար ՕԳԾ-ով հատկացված գումարը կազմում է 12 000 լարի:

Ցածր ակտիվություն և կանանց բացակայություն

Ժողովները տեղի ունեցան փողոցում: Բացառությամբ Ազավրեթի, մյուս գյուղերում մասնակցում էր 10-ից 20 մարդ: Հատկանշական է, որ ոչ մի գյուղում հանդիպումներին կանայք չէին մասնակցում:

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախագծեր ընտրելու հանդիպումները սկսվել են փետրվարի 16-ին և կշարունակվեն մինչև 25-ը: Այս տարի մունիցիպալիտետի 64 գյուղերում հիմնականում ընտրում են մեկ նախագիծ:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետին, ՕԳԾ-ի շրջանակներում, հատկացվում է 922 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ ստանում է գումար, որը հետագայում, ժողովների միջոցով, որոշվում է, թե ինչի վրա է ծախսվելու։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Գումարը որոշվում է ըստ գյուղի բնակչության թվաքանակի։

Հարկ է նշել, որ ՕԳԾ-ը Վրաստանում իրականացվում է 2011 թվականից ի վեր, այն ժամանակավորապես դադարեցվել է միայն 2017-2018 թվականներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝