Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat)` 2025 թվականի 4-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.9 տոկոսային կետով՝ կազմելով 13.3%:
Geostat-ի տվյալներով՝ չորրորդ եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի բաժինը 15 տարեկան և ավելի բարձր բնակչության շրջանում), նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.6 տոկոսային կետով և կազմել 54.4%, իսկ զբաղվածության մակարդակը չի փոխվել և կազմել է 47.1%:
Անցյալ տարվա 4-րդ եռամսյակում երկրում աշխատուժը նվազել է մինչև 1.6 միլիոն, որից զբաղված է եղել գրեթե 1.4 միլիոնը, վարձու աշխատողների թիվը կազմել է 970 հազար, իսկ մոտ 430 հազարն ինքնազբաղվածներ են: Երկրում գործազուրկ է համարվում 215 հազար մարդ:
Աշխատուժի մասնակցության մակարդակը քաղաքային բնակավայրերում նվազել է 1.2 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում աճել է 0.3 տոկոսային կետով։
Չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աշխատողների մասնաբաժինն աշխատողների ընդհանուր հաշվարկով չի փոխվել և կազմել է 69.3%։
«2025 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, քաղաքային բնակավայրերում գործազրկության մակարդակն աճել է 0.8 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում նվազել է 3.3 տոկոսային կետով»,- ասվում է հայտարարության մեջ։



