Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցները, անչափահասի նկատմամբ կատարված անպարկեշտ գործողությունների մեղադրանքով, ձերբակալել են 1995 թվականին ծնված Բ.Բ.-ին:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը պարբերաբար սեքսուալ բնույթի կարճ հաղորդագրություններ է ուղարկել հարևանությամբ բնակվող՝ 2015 թվականին ծնված անչափահասին: Բ.Բ.-ն համոզել է նրան, որպեսզի վերջինս նույնպես իրեն նմանատիպ բովանդակությամբ լուսանկար ուղարկի: Գործի նյութերով նաև հաստատվում է, որ մեղադրյալն աղջկան սեքսուալ հարաբերություններ է առաջարկել:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են Բ.Բ.-ին որպես մեղադրյալ: Որպես իրեղեն ապացույց առգրավվել է մեղադրյալի բջջային հեռախոսը, որի միջոցով նա անչափահասին սեքսուալ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել», – հայտնում են ՆԳՆ-ից:
Դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև ինը տարի ժամկետով:



