նորություններ 19 Փետրվարի, 2026 • Նինոծմինդայում ապրիլի 1-ից կներդրվեն ոռոգման նոր սակագներ

Ոռոգման ծառայությունների նոր սակագները Վրաստանում ուժի մեջ կմտնեն 2026 թվականի ապրիլի 1-ից։ Չնայած սակագնի բարձրացմանը, իշխանությունները, ֆերմերների ֆինանսական բեռի զգալի աճը կանխելու համար, խոստանում են սուբսիդիաները պահպանել։ Միևնույն ժամանակ, Ախալքալաքում և Նինոծմինդայում միջազգային դոնորների մասնակցությամբ վերականգնողական աշխատանքներ դեռևս չեն ընթանում, չնայած ոռոգման հիմնական համակարգերի արդիականացումը ներառված է միջնաժամկետ ծրագրերում։

Ի պատասխան մեր 2026 թվականի հունվարի 21-ի նամակի, «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ին ուղղված հանրային տեղեկատվության գրությանը, մենք պատասխան ստացանք, որում նշվում էր, որ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) սահմանել է ոռոգման նոր սակագին, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից։ Պատասխանի համաձայն, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոռոգման գծերի վերականգնումը միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից ներկայումս նախատեսված չէ։

Նոր սակագները

Նոր սակագների համաձայն, ոչ գործիքային պրոֆիլային սպառողի համար 1 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի համար ոռոգման վճարը կազմում է՝

• 116.5486 լարի՝ միամյա մշակաբույսերի համար։

• 102.0110 լարի՝ բազմամյա մշակաբույսերի համար։

Ջրաչափերով հագեցած պրոֆիլային սպառողների համար 1 խորանարդ մետր ջրի մանրածախ գինը սահմանվել է 0.0826 լարի (բացառությամբ ջրօգտագործողների կազմակերպությունների և գեներացման օբյեկտների)։

Ընկերությունը ընդգծում է, որ ֆերմերների ֆինանսական բեռն էապես չի ավելանա, քանի որ պետությունը կշարունակի սուբսիդավորել ոլորտը։ Սուբսիդավորման մեխանիզմները ներկայումս մշակվում են և պետք է հաստատվեն նոր սակագնի ներդրումից առաջ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում են Օրլովկա-Սպասովկա, Ղաուրմա-Նամձվրալա և Նամձվրալա ոռոգման համակարգերը, որոնք ջուր են ստանում Խանչալիի ջրամբարից։

1. Օրլովկա-Սպասովկա (ինքնահոս) համակարգը սպասարկում է Սպասովկա, Կաթնատու, Սաթխա, Օրոջալար, Մեծ Խանչալի գյուղերը և Նինոծմինդան։

2. Նամձվրալա (ինքնահոս) համակարգը սպասարկում է Ջիգրաշեն և Նամցվարի գյուղերը։

3. Ղաուրմա-Նամձվրալա (ինքնահոս) համակարգը սպասարկում է Ղաուրմա, Ջիգրաշեն և Նամձվրալա գյուղերը։

Միջնաժամկետ ծրագիրը ներառում է Օրլովկա-Սպասովկա գլխամասային կառույցի և Խանչալի լճի վերականգնումը։

Ընկերությունը ռացիոնալ բաշխումն ապահովելու համար, հատկապես գագաթնակետային սեզոնին, անընդհատ վերահսկում է ոռոգման ջրի օգտագործումը: Ջրի օգտագործումը սահմանված ժամանակացույցից դուրս կամ սպառողական ժամանակահատվածից դուրս ոռոգումը, համարվում է անօրինական սպառում: Նման դեպքերում միջոցներ են ձեռնարկվում Վրաստանի օրենսդրության և ընկերության ներքին կանոնակարգին համապատասխան:

2026 թվականի փետրվարի 10-ի դրությամբ, մատուցված ծառայությունների համար, Սամցխե-Ջավախեթիի շրջանի բնակիչները «Վրաստանի մելիորացիա» ՍՊԸ-ին պարտք են 103 867 լարի: Այս գումարը կարող է փոփոխվել և փոխվում է վճարումների մուտքերին զուգընթաց:

Ինչպիսին կլինի ոռոգման նոր սակագինն Ախալքալաքում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝