Ախալքալաքը հարուստ է իր բազմազան գյուղերով և հատկապես՝ յուրաքանչյուր գյուղի հետ կապված պատմություններով։ Մեր գյուղերն առանձնանում են ոչ միայն իրենց յուրաօրինակ բարբառով, այլև ուշադրություն են գրավում իրենց եզակի անվանումներով ու բացատրություններով։
Պարզելու համար, թե որքանո՞վ են հենց մեր գյուղերի բնակիչներն իրենք տեղեկացված իրենց իսկ գյուղերի անվանումների ծագման և դրանց իմաստային բացատրության մասին՝ որպես ինքնության կարևոր բաղադրիչ, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանի բոլոր գյուղերի բնակիչների հետ։ Ներկայացված անվանումները կարող են ոչ պաշտոնական, ոչ էլ պատմական հիմքեր ունենալ, պարզապես հրապարակում ենք անմիջապես բնակիչների իմացածն իրենց գյուղերի մասին։
Սիրկվա։ Սիրկվան շատերին հայտնի է որպես փոքր Կաջո անվանումով։ Այն առաջացել է «Սիրկմ» սարի անվանումից։
Սուլդա։ Այս բնակավայրի անվանումը կապվում է Ծունդա արքայի անվան հետ, որը ժամանակի ընթացքում վերափոխվել է Սունդա, իսկ ավելի ուշ՝ Սուլդա։
Վաչիան։ Վաչիան անվան ծագման վերաբերյալ երկու վարկած կա։ Առաջինի համաձայն՝ գաղթականները սարից իջնելիս ասել են «վար իջանք», և այդ արտահայտությունից էլ առաջացել է գյուղի անունը։ Երկրորդ տարբերակի համաձայն՝ գյուղի անունը կապված է առաջին բնակիչներից մեկի՝ Վաչեի անվան հետ։
Վարևան։ Ըստ ժողովրդական ավանդույթի՝ այս գյուղում Վահան անունով մի մարդ արտը վարելու է գնացել և արտի մեջ ուղղակի կանգնած է եղել։ Մարդիկ գոռացել են՝ վարե Վահան, այս բառերի միացումից էլ առաջացել է Վարևան անվանումը։
Տրկնա։ Տրկնա մոնղոլերենից թարգմանաբար նշանակում է աղբյուր։ Գյուղի տակ ջուր է և ամբողջությամբ ջրհորներ են։
Տուրցխ։ Այս գյուղի անվանումը, ըստ ավանդության, կապվում է ռուսերեն «տրի ցեռկվ» արտահայտության հետ։ Պատմում են, որ այստեղ եղել են երեք կաթոլիկ եկեղեցիներ, որոնք չեն կարողացել քանդել, և հենց այդ հանգամանքից էլ ձևավորվել է գյուղի անվանումը։
Սամսար։ Ըստ գյուղացիների պատմածի՝ Սամսար նշանակում է՝ նազ կտամ կամ հարափոփոխ կլիմա, այսինքն մինչև ցերեկ ուրիշ եղանակ է, հետո՝ ուրիշ։ Կա նաև այլ բացատրություն՝ Արևմտյան Հայաստանում հարկահավաքներին կոչել են սամսար, հենց այստեղից էլ առաջացել է Սամսար գյուղի անվանումը։
Քարսեպ։ Քարսեպ գյուղի անվանումն առաջացել է «քարի ցեպ» բառից, որը նշանակում է քարերի շղթա, մեկ այլ վարկածի համաձայն՝ վրացերեն քառի՝ քամի բառից է կազմված, որպես քամոտ տեղ։
Օլավերդ։ Այս գյուղի անվանման ծագումը կապվում է հետևյալ պատմության հետ, երբ գյուղի նախնիներն առաջին անգամ եկել են գյուղի տարածք, խմելով գյուղի սառնորակ աղբյուրներից մեկի ջուրը ասել են․ «Օ՜ լավ էր»։
Օրջա։ Օրջա անվան վերաբերյալ շրջանառվում է երկու վարկած։ Առաջինի համաձայն՝ վրացիները հեռվից տեսնելով եկեղեցիների խաչերը բացականչել են՝ օռի ջվառի, այսինքն՝ երկու խաչ, ինչից էլ հետագայում ձևավորվել է Օրջա անվանումը։ Երկրորդ վարկածի համաձայն՝ գյուղի հիմնադրումից առաջ այստեղ գոյություն է ունեցել թուրքական գյուղ նույն անունով, և նորաբնակները պահպանել են այդ անվանումը։
Տարբեր գյուղերի բնակիչների պատմած վկայությունները ցույց են տալիս, որ Ախալքալաքի շրջանի գյուղանունների ծագումը հիմնականում փոխանցվել է բանավոր ավանդազրույցների միջոցով և հաճախ ունի մի քանի վարկած։
Jnews-ն այս կիրակի առանձնացրել է թվով 10 գյուղի անվան ծագման մասին կարճ տեղեկություն։ Այսուհետ ամեն կիրակի պարբերաբար կներկայացվեն նաև մյուս գյուղերի մասին պատմությունները։
Եթե կան, ովքեր տեղեկացված ու հետաքրքված են իրենց գյուղի անվան ծագումնաբանությամբ և կարող են կիսվել լրացուցիչ վկայություններով, ապա Jnews-ը պատրաստ է դրանք ևս ներառել և նյութը պարբերաբար թարմացնել։
Կարդացեք նաև՝
- Գյուղանուններ․ Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 2)
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 3)
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 4)
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 5)



