նորություններ 8 Մարտի, 2026 • Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 5)

Ախալքալաքը հարուստ է իր բազմազան գյուղերով և հատկապես՝ յուրաքանչյուր գյուղի հետ կապված պատմություններով։ Մեր գյուղերն առանձնանում են ոչ միայն իրենց յուրաօրինակ բարբառով, այլև ուշադրություն են գրավում իրենց եզակի անվանումներով ու բացատրություններով։

Պարզելու համար, թե որքանո՞վ են հենց մեր գյուղերի բնակիչներն իրենք տեղեկացված իրենց իսկ գյուղերի անվանումների ծագման և դրանց իմաստային բացատրության մասին՝ որպես ինքնության կարևոր բաղադրիչ, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանի բոլոր գյուղերի բնակիչների հետ։ Ներկայացված անվանումները կարող են ոչ պաշտոնական, ոչ էլ պատմական հիմքեր ունենալ, պարզապես հրապարակում ենք անմիջապես բնակիչների իմացածն իրենց գյուղերի մասին։

Ղադոլար։ Ղադո բառը նշանակում է հին վրացերենից «փապար»՝ քարանձավ։

Մաջադիա։ Պատմում են, որ մաջադեցիները  հմուտ մաճկալներ են եղել և գյուղի անունը հենց մահճկալ բառից էլ առաջացել է։ Ըստ մեկ այլ վարկածի՝ գյուղի անվանումը ծագել է «մեջիդիե» բառից, որը նշանակում է փողի միավոր։

Մարտունի։ Այս գյուղն անվանակոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի կողմից՝ իր գրական անվան՝ Մարտունու պատվին։

Մերենիա։  Այս գյուղի բնակիչները գաղթել են 1828 թվականին Էրզրումից։ Ջավախքում փնտրել են իրենց կեցավայրին նման տարածք և հենց այս գյուղի տարածք հասնելով ասել են՝ մերն է նա, այդպես էլ գյուղը կոչվել է Մերենիա։

Մյասնիկյան։ 1924-25 թվականներին գյուղն անվանակոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով։

Մոդեգամ։ Այս գյուղի անվան ճշգրիտ ծագումը հայտնի չէ, սակայն առավել հավանական է, որ այն վրացական ծագում ունի և կապված է վրացերեն՝ մոդեգա բառի հետ, որը կարող է նշանակել այգի, անտառ կամ սրբազան վայր։

Մուրջախեթ։ Երկու եղբոր անուն է։ Եղբայրներից մեկի անունը Մուրջ է եղել, մեկն ապրել է գյուղի մի մի կողմում, մյուսը՝ մյուս։

Չամդուրա։ Չամդուրա գյուղի անվան առաջին բաղադրիչը՝ «չամ»-ը, թուրքերենից նշանակում է սոճի, իսկ «դուրան»-ը՝ հարթավայր։ Այսինքն՝ «սոճու հարթավայր»։ Ավելի ուշ անվանումը վերափոխվել է Չամձվռալա, որը վրացերենից թարգմանաբար նշանակում է «հողի մեջ մխրճված»։

Չունչխա։ Երկու հոգի ընկույզ հավաքելուց են եղել, մի պարոն մոտեցել ու ասել է՝ ռաս չանչխալեբդի, որը վրացերենից թարգմանաբար նշանակում է՝ ինչ ես բզբզում։ Այստեղից էլ գյուղի անունը մնացել է Չունչխա։

Պտենա։ Մի պարոն այս գյուղից շատ հարուստ և ագահ մարդ է լինում, միշտ հավաքել է և ուրիշներին չի բաժանել։ Իսկ գյուղացիներն ասել են՝ պուռս տենս տենս, որը հայերեն նշանակում է հաց է հավաքում, հավաքում, այստեղից գյուղն անվանել են Պտենա։

Տարբեր գյուղերի բնակիչների պատմած վկայությունները ցույց են տալիս, որ Ախալքալաքի շրջանի գյուղանունների ծագումը հիմնականում փոխանցվել է բանավոր ավանդազրույցների միջոցով և հաճախ ունի մի քանի վարկած։

Jnews-ն այս կիրակի առանձնացրել է թվով 10 գյուղի անվան ծագման մասին կարճ տեղեկություն։ Այսուհետ ամեն կիրակի պարբերաբար կներկայացվեն նաև մյուս գյուղերի մասին պատմությունները։

Եթե կան, ովքեր տեղեկացված ու հետաքրքված են իրենց գյուղի անվան ծագումնաբանությամբ և կարող են կիսվել լրացուցիչ վկայություններով, ապա Jnews-ը պատրաստ է դրանք ևս ներառել և նյութը պարբերաբար թարմացնել։

Լուսանկարում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղն է 

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝