նորություններ 1 Մարտի, 2026 • Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 4)

Ախալքալաքը հարուստ է իր բազմազան գյուղերով և հատկապես՝ յուրաքանչյուր գյուղի հետ կապված պատմություններով։ Մեր գյուղերն առանձնանում են ոչ միայն իրենց յուրաօրինակ բարբառով, այլև ուշադրություն են գրավում իրենց եզակի անվանումներով ու բացատրություններով։

Պարզելու համար, թե որքանո՞վ են հենց մեր գյուղերի բնակիչներն իրենք տեղեկացված իրենց իսկ գյուղերի անվանումների ծագման և դրանց իմաստային բացատրության մասին՝ որպես ինքնության կարևոր բաղադրիչ, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանի բոլոր գյուղերի բնակիչների հետ։ Ներկայացված անվանումները կարող են ոչ պաշտոնական, ոչ էլ պատմական հիմքեր ունենալ, պարզապես հրապարակում ենք անմիջապես բնակիչների իմացածն իրենց գյուղերի մասին։

Խուլգումո։ Խուլգումոցիների նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Արդահանի Վել գյուղից։ Նրանց հաստատվելիս տարածքում եղել են միայն գոմեր, և հենց «խուլ գոմեր» արտահայտությունից էլ ձևավորվել է գյուղի անվանումը։

Կաջո։ Այս գյուղի մասին պատմում են, որ հնում այն եղել է ջրառատ բնակավայր՝ ունենալով երկու կամ երեք գետ, ինչի պատճառով ասել են «կա ջուր», որը ժամանակի ընթացքում դարձել է Կաջո։ Մյուս վարկածի համաձայն՝ տարածքը անտառածածկ է եղել և ծառերը հատելուց հետո մնացած կոճղերը («կոջ») դասավորելով՝ այդ բառը մտել է խոսքի մեջ և դարձել գյուղի անվանումը։

Կարծախ։  Այս բնակավայրի անվան մասին պատմում են, որ անտառ գնացած մարդը վերադառնալիս ասել է «ցախ կար», ինչից էլ հետագայում առաջացել է Կարցախ անվանումը, որը հետագայում գրվել է Կարծախ կամ Ղարզախ։

Կարտիկամ։ Այս գյուղը սկզբում կոչվել է Կարտիկան, որը կազմված է երեք բառից՝ «կորովի տղամարդիկ կան»։ Երբ գյուղը երկրորդ անգամ հիմնվել է՝ Արդահանի Վել գյուղից եկած բնակիչների կողմից, վերջի «ն» տառը դարձել է «մ»։

Կիրովական։ Ասում են, որ Կիրովական անունը բոլշևիկ գործիչ Կիրովի անունից է եկել։ Իսկ Զրես անավնումը հարևանությամբ գտնվող լճի և վանքի անուններից է։ Զրեսկի վանքը հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դդ)։

Կոթելիա։ Կոթելիան գտնվում է Մուրջի սարերի տարածքում և անունը եղել է Մուրջի։ Մի վարկածի համաձայն՝ քույր և եղբայր Կոտեն ու Լիան հադիպել են այս տարածքում և Մուրջ գյուղից եկած բնակիչները նրանց պատվի համաձայն գյուղն անվանակոչել են Կոտելիա-Կոթելիա։

Կոկիո։  ըստ գյուղացիների Կոկիո գյուղի անվանումը հունական է, որը հայերենով նշանակում է ցորեն, ինչը կապված է գյուղում շատ ցորեն ցանելու հետ։

Կորխ։ Նշանակում է քարափ։ Ասում են՝ գաղթի ժամանակ փորձել են իրենց բնակավայրի նման տեղ գտնեն և այս տարածքում հիմնել են գյուղը։ Այնտեղի տարածքը քարքարոտ է եղել դրա համար դրել են Կորխ անունը։ Սկզբից Կորխը սարի վրա են հիմնել հետո լավ պայմանների պատճառով գյուղացիները իջել են ներքև։

Կուլիկամ։ Կուլիկամ անվանումը գալիս է վրացերեն «գուլի» բառից, որը նշանակում է սիրտ, իսկ ամբողջական անվանումը թարգմանվում է որպես «սրտաբաց-սրտակամ»։

Հոկամ։ Վրացերեն Օկամի վերցված է «օռի կառի» բառերից, որը նշանակում է երկու դուռ՝ մուտք, քանի որ մի քանի գյուղի մուտքն ու ելքը այս գյուղով է։ Կա նաև երկրորդ վարկած, ըստ որի՝ Հոկամից մինչև հարևան Ազմանա գյուղ գետ է հոսել, որի անունը Օկա է եղել, հետո այն ցամաքել է, բայց անունը վերցրել են այդ գետի անվանումից։

Տարբեր գյուղերի բնակիչների պատմած վկայությունները ցույց են տալիս, որ Ախալքալաքի շրջանի գյուղանունների ծագումը հիմնականում փոխանցվել է բանավոր ավանդազրույցների միջոցով և հաճախ ունի մի քանի վարկած։

Jnews-ն այս կիրակի առանձնացրել է թվով 10 գյուղի անվան ծագման մասին կարճ տեղեկություն։ Այսուհետ ամեն կիրակի պարբերաբար կներկայացվեն նաև մյուս գյուղերի մասին պատմությունները։

Եթե կան, ովքեր տեղեկացված ու հետաքրքված են իրենց գյուղի անվան ծագումնաբանությամբ և կարող են կիսվել լրացուցիչ վկայություններով, ապա Jnews-ը պատրաստ է դրանք ևս ներառել և նյութը պարբերաբար թարմացնել։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝