նորություններ 22 Փետրվարի, 2026 • Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 3)

Ախալքալաքը հարուստ է իր բազմազան գյուղերով և հատկապես՝ յուրաքանչյուր գյուղի հետ կապված պատմություններով։ Մեր գյուղերն առանձնանում են ոչ միայն իրենց յուրաօրինակ բարբառով, այլև ուշադրություն են գրավում իրենց եզակի անվանումներով ու բացատրություններով։

Պարզելու համար, թե որքանո՞վ են հենց մեր գյուղերի բնակիչներն իրենք տեղեկացված իրենց իսկ գյուղերի անվանումների ծագման և դրանց իմաստային բացատրության մասին՝ որպես ինքնության կարևոր բաղադրիչ, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանի բոլոր գյուղերի բնակիչների հետ։ Ներկայացված անվանումները կարող են ոչ պաշտոնական, ոչ էլ պատմական հիմքեր ունենալ, պարզապես հրապարակում ենք անմիջապես բնակիչների իմացածն իրենց գյուղերի մասին։

Դիլիսկա։ Ըստ գյուղացիների՝ Դիլիսկա գյուղի անվանումն ունի վրացերեն երկու բառարմատ՝ «դիլիս» և «կարի», որոնք միասին նշանակում են «առավոտյան դուռ», այսինքն՝ արշալույս։

Զակ։  Զ-ն այբուբենի 6-րդ տառն է, իսկ ակ նշանակում է աղբյուր, նշանակում է վեց աղբյուր ունեցող գյուղ։ Գյուղացիների խոսքերով, կա նաև երկրորդ վարկած, որի համաձայն՝ Արևմտյան Հայաստանի նույնանվան գյուղից տեղահանվածներ են և պահել են գյուղի անունը։

Էխտիլա։ Այս գյուղի անվանումը գալիս է վրացերեն «էխ դիլա» արտահայտությունից, որը նշանակում է «էհ, առավոտ»։

Էրինջա։ Գյուղացիների պատմածների համաձայն՝ Էրինջա գյուղի անվանումը կապված է «էրինջակ» բառի հետ։ Առաջներում այս գյուղը շատ բնակիչ է ունեցել և գյուղից դուրս գալու պատճառը կապում են հարստության հետ, այսինքն՝ էրինջակների (սարդերի) միջոցով շատ փող է հավաքվել և հարուստ գյուղացիները տեղափոխվել են։

Թախչա։ Թախչա նշանակում է փոս տեղ;

Լոմատուրցխ։  Այս գյուղի անվան վերաբերյալ նշվում է, որ այն ունի հունական ծագում, քանի որ այստեղ հույներ են ապրել։ Սակայն վրացական աղբյուրներում այն բացատրվում է որպես վրացերեն բառ, որը նշանակում է «առյուծների կռվավայր»։

Խանդո։ Այս բնակավայրի անվանումը կապված է «խան» բառի հետ, որը տեղացիների մոտ նշանակում է ձորի մեջ գտնվող վայր։ Այդ բառին ավելացվել է «դո» վերջավորությունը, ինչից էլ ձևավորվել է գյուղի անվանումը։

Խավեթ։ Այս բնակավայրի անվանումը գյուղացիները կապում են աստվածաշնչյան արմատների հետ։ Այն համարվում է եբրայական Յաֆեթ (Japhet) անվան հայկական տարբերակներից մեկը, որը թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «ընդարձակ», կամ «թող նա ընդարձակվի»։

Խոսպիո։  Խոսպիո գյուղի անվանումն առաջացել է «օսպի» բառից, որը բույսի անվանում է։

Խորենիա։  Կա վարկած, ըստ որի՝ Խորնիա անվանումն առաջացել է «խորը փոս» բառեր միացումից, քանի որ գյուղը շրջապատված է լեռներով և տեղադիրքով հիշեցնում է փոս։

Տարբեր գյուղերի բնակիչների պատմած վկայությունները ցույց են տալիս, որ Ախալքալաքի շրջանի գյուղանունների ծագումը հիմնականում փոխանցվել է բանավոր ավանդազրույցների միջոցով և հաճախ ունի մի քանի վարկած։

Jnews-ն այս կիրակի առանձնացրել է թվով 10 գյուղի անվան ծագման մասին կարճ տեղեկություն։ Այսուհետ ամեն կիրակի պարբերաբար կներկայացվեն նաև մյուս գյուղերի մասին պատմությունները։

Եթե կան, ովքեր տեղեկացված ու հետաքրքված են իրենց գյուղի անվան ծագումնաբանությամբ և կարող են կիսվել լրացուցիչ վկայություններով, ապա Jnews-ը պատրաստ է դրանք ևս ներառել և նյութը պարբերաբար թարմացնել։

Լուսանկարում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղն է 

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝