նորություններ 17 Փետրվարի, 2026 • «Փոսեր ճանապարհի փոխարեն»՝ Ախալքալաք-Կարծախ մայրուղին կրկին սկանդալի էպիկենտրոնում է

Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ մայրուղին մնում է անանցանելի վիճակում, չնայած պարբերաբար կատարվող մասնակի վերականգնողական աշխատանքներին: Ճանապարհի կարգի բերման ժամկետի մասին Jnews-ի բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ Ճանապարհների դեպարտամենտը պատասխանում է «մոտ օրերս» կամ «երբ եղանակը տաքանա»: Այս անգամ դեպարտամենտը տրամադրել է այս ճանապարհի վերանորոգման ենթակա հատվածների ցանկը:

Դեկտեմբերի 13-ին Ախալքալաքի բնակիչները Jnews-ին ուղարկել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի մեքենա հայտնվել Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհի բազմաթիվ հսկայական փոսերից մեկի մեջ և չի կարողանում շարունակել ճանապարհը: Տեսանյութը քննադատության և դժգոհության տարափ առաջացրեց: Ճանապարհը, որը մշտապես օգտագործվում է բեռնատարների և տեղի բնակիչների կողմից, երկար ժամանակ գտնվում է ահավոր վատ վիճակում:

Տեսանյութի տարածումից հետո «ՋավախԱվտոԳզա» ընկերության տեխնիկան հարթեցրել է մի քանի փոս: Այս հատվածում նախկինում նույնպես նմանատիպ աշխատանքներ էին իրականացվել, սակայն ամեն անգամ, երբ ձյուն կամ անձրև է գալիս, փոսերը խորանում են: Վարորդները, չգիտակցելով թե որքան խորն են փոսերը ջրափոսերի պատճառով, հաճախ հայտնվում են դրանց մեջ: Սա հանգեցնում է տրանսպորտային միջոցների խափանման և լուրջ խնդիրների ու ծախսերի՝ սեփականատերերի համար: Իրավիճակն ավելի է սրվում բեռնատարների առկայությամբ, որոնց թիվը կտրուկ աճել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր: Թուրքիայի սահման տանող ամբողջ ճանապարհի երկայնքով բեռնատարների վարորդներն ամեն օր կանգ են առնում տարբեր փոսերի մոտ՝ իրենց մեքենաները վերանորոգելու համար:

Վիճահարույց տեսանյութի տարածումից հետո Jnews-ի և այլ վրացական լրատվամիջոցների լրագրողները կապ են հաստատել Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հետ: Դեպարտամենտի տվյալներով՝ վերականգնողական աշխատանքները պետք է սկսվեն, երբ եղանակային պայմանները դա թույլ տան: Դեպարտամենտը նաև տրամադրել է աշխատանքների ժամանակացույց:

Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝

• Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհի 3-րդ կմ-ից մինչև 7.8 կմ հատվածում (1-ին լոտ) վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

• Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհի 8.8-րդ կմ-ից մինչև 16-րդ կմ հատվածում (2-րդ լոտ) վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

• Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 26.7-րդ կմ-ից մինչև 36.09 կմ հատվածում վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

• Նախատեսվում է Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 1-ին կմ-ից մինչև 3-րդ կմ հատվածում վերականգնողական աշխատանքներ։

• Նախատեսվում է Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 17-րդ կմ-ից մինչև 25-րդ կմ հատվածում վերականգնողական աշխատանքներ։

• Նախատեսվում է Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհի 3-րդ կմ-ից մինչև 7.8 կմ հատվածում (1-ին լոտ) վերականգնողական աշխատանքներ։

• Նախատեսվում է Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհի կմ 8.8 – կմ 16 հատվածում (Լոտ 2):

Վրաց-թուրքական սահման տանող Ախալքալաք-Կարծախ միջազգային մայրուղին գրեթե հինգ տարի է, ինչ պարբերաբար անանցանելի է։ Չնայած բազմաթիվ դիմումներին, վարորդների բողոքներին և Ճանապարհների դեպարտամենտի կողմից շուտով վերանորոգումը սկսելու խոստումներին, ճանապարհը շարունակում է վատթարանալ՝ ստեղծելով լուրջ խնդիրներ։

Այն որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը քանդվում է Jnews-ը բարձրաձայնել էր դեռ 2018 թվականին և շարունակում է բարձրաձայնել մինչ օրս: Տարիների ընթացքում խմբագրությունը բազմիցս դիմել է բոլոր հնարավոր ատյանները և ստացել պատասխաններ, սակայն որևէ հիմնարար վերանորոգում չի իրականացվել: 2023 թվականից ի վեր Վրաստանի ճանապարհային վարչությունը հայտարարում է, որ վերականգնողական աշխատանքները «մոտ ապագայում» կսկսվեն։ Սակայն այդ «մոտ ապագան» դեռ չի եկել, իսկ ճանապարհն ամեն օր շարունակում է քանդվել։

Ախալքալաք-Կարծախ մայրուղին կառուցվել է 2010 թվականին: Հիմնական վերանորոգում իրականացվել է միայն Վաչիան գյուղի հատվածում, մնացած հատվածներում իրականացվել է միայն փոսերի վերանորոգում, սակայն այդ հիմնական վերանորոգումից էլ արդեն ոչինչ չի մնացել:

Նշենք, որ 2022, 2023 և 2024 թվականներին, նախկինում հայտարարված մրցույթների համաձայն, այս ճանապարհի հատվածների վերանորոգումը կրկին իրականացրել են «ՋավախԱվտոԳզա» և «Արալի» ընկերությունները: Սակայն երկու ընկերությունների աշխատանքից էլ էֆեկտն անտեսանելի էր։ Այս ճանապարհից օգտվող վարորդների դժգոհությունները ոչ մի անգամ չի դադարել։ Որոշ հատվածներում աշխատանքները կամ կատարվել են լուրջ խախտումներով, կամ ընդհանրապես չեն կատարվել։

«Արալի» ընկերությունը, որը պետք է 2023 թվականին վերականգներ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, երկու անգամ տուգանվել է։ Ճանապարհային վարչությունը խոստացել է, որ խնդրահարույց հատվածները և ամբողջ ճանապարհը կվերանորոգվեն, բայց գործնականում իրավիճակը մեծ մասամբ մնում է առանց էական փոփոխությունների։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝