նորություններ 15 Փետրվարի, 2026 • Մեծ Պահքի սկիզբն ազդարարված է, այսօր նշվեց Բուն Բարեկենդանի տոնը

Այսօր՝ փետրվարի 15-ին, Թբիլիսիի հայ համայնքը հանդիսավորությամբ նշեց Բուն Բարեկենդանը։ Տոնն այս տարի ևս սովորության համաձայն վերածվեց ժողովրդական լայնախոհ տոնախմբության՝ համախմբելով տարբեր սերունդների հավատացյալների։

Տոնական մթնոլորտ էր տիրում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցիում, որտեղ մատուցված Կիրակնօրյա Սուրբ Պատարագը դարձավ օրվա հոգևոր առանցքը։ Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում վերջին «ուրախ» կիրակին է Մեծ Պահքից առաջ։ Այն խորհրդանշում է երկրային առատությունն ու ուրախությունը՝ որպես նախապատրաստություն ապաշխարության, զսպվածության և ներքին մաքրագործման շրջանին։ Հավատացյալները, գիտակցելով օրվա խորհուրդը, մտովի պատրաստվում էին Մեծ Պահքի ուխտագնացությանը, որի ավարտին Սուրբ Հարության ավետիսով պիտի նշեն Սուրբ Զատիկը։

ghapama 1

Պատարագից հետո եկեղեցու բակը վերածվեց գունեղ ու ջերմ տոնախմբության վայրի։ Բարեկենդանին բնորոշ առատ սեղանները, ազգային ուտեստների բազմազանությունը և բարձր տրամադրությունը միավորեցին բոլոր ներկաներին։ Տոնի կազմակերպման գործում կարևոր դեր ունեցան Թբիլիսիի Սբ. Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների խաչի քավորները, թեմի վարչական ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միություն կազմակերպությունը։ Սեղանները զարդարված էին ղափամայով, հայկական հալվայով, քաղցր փլավով, փոխինդով, տարատեսակ խմորեղենով և այլ ավանդական կերակրատեսակներով, որոնք խորհրդանշում են բարեկեցությունն ու առատությունը։

ghapama 2

ghapama 3

Տոնի յուրահատկություններից էր նաև օրվա խորհրդի ներկայացումը երեխաների մասնակցությամբ։ Հայարտուն կրթամշակութային կենտրոնի սաները ներկայացրեցին Բարեկենդանի խորհրդանշական կերպարներին՝ Ուտիս տատին և Պաս պապին։ Դիմակավորված, երգով ու քառյակներով նրանք պատմեցին տոնի իմաստը՝ ընդգծելով, որ հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը՝ զսպվածության, աղոթքի և ինքնաքննության շրջան։ Այս ներկայացումը ոչ միայն կրթական էր, այլև խորհրդանշական կամուրջ՝ անցյալի և ներկայի, ավանդույթի և նոր սերնդի միջև։

ghapama 4

ghapama 5

Օրվա ընթացքում կատարվեց նաև սեղանների օրհնություն, հնչեցին շնորհակալության խոսքեր կազմակերպիչներին, հովանավորներին և համայնքային կառույցներին, որոնց աջակցությամբ տոնը դարձավ համահայկական ոգու դրսևորում Թբիլիսիում։ Մասնակիցները Բարեկենդանի ուրախությունն ավարտեցին խորհրդանշական արարողությամբ՝ եփած ձվով և լավաշով «պասի ճանապարհը բռնելու» որոշմամբ, խոստանալով արդեն ներկված ձվով դիմավորել Զատկական լույսը։

ghapama 6

Երգն ու երաժշտությունը երկար ժամանակ թևածում էին եկեղեցու բակում՝ ստեղծելով ջերմ, համերաշխ և ոգեշնչող մթնոլորտ։ Բուն Բարեկենդանը Վիրահայոց թեմում դարձավ ոչ միայն տոնական միջոցառում, այլև ազգային ինքնության պահպանման և փոխանցման կենդանի վկայություն՝ հիշեցնելով, որ ավանդույթը շարունակվում է այնտեղ, որտեղ այն ապրում է մարդկանց սրտերում։

Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝