Էստոնիան Վրաստանից իր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին տեղափոխում է Հայաստան: Թբիլիսիում դիվանագիտական ներկայացուցչությունը կղեկավարի ժամանակավոր հավատարմատարը։ Այս տեղեկությունը տարածել Էստոնիայի հանրային հեռարձակողը։
Մինչ այժմ Էստոնիան Վրաստանում և Հայաստանում ուներ համատեղության կարգով մեկ դեսպան։ Դեսպանի նստավայրը գտնվում էր Թբիլիսիում, որտեղից նա պաշտոնավարում էր նաև Հայաստանում։
Ըստ էստոնական մամուլի` Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է դեսպանին տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և նրա աշխատանքը դադարեցնել Վրաստանում։
Ըստ հաղորդագրության՝ այդ փոփոխությունը պայմանավորված է Վրաստանի կառավարության հետ Էստոնիայի հարաբերությունների սառեցմամբ և հակառակը՝ Հայաստանի հետ շփումների ակտիվացմամբ։
Էստոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱԳՆ-ն փետրվարի 11-ին տեղեկացրել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, որ Վրաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին իր առաքելությունը Թբիլիսիում կավարտի մարտի 10-ին։
Նույն աղբյուրի համաձայն՝ Էստոնիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը կղեկավարի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։



