Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան Թբիլիսիի հայկական համայնքը կրկին համախմբվեց՝ նշելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկը՝ Տեառնընդառաջը կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Տրնդեզը։ Քաղաքի հայկական առաջնորդանիստ եկեղեցու՝ Սուրբ Գևորգի բակում տիրում էր առանձնահատուկ ջերմ մթնոլորտ․ խարույկը, եկեղեցական ժամերգության հնչյունները, ժողովրդական երգն ու պարը միավորել էին տարբեր սերունդների ներկայացուցիչների։
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական միջոցառումը սկսվեց երեկոյան ժամերգությամբ, որից հետո հավատացյալները դուրս եկան եկեղեցու բակ՝ մասնակցելու խարույկի ավանդական արարողությանը։ Խարույկի վառման պահը դարձավ երեկոյի խորհրդանշական գագաթնակետը․ ներկաները միմյանց էին փոխանցում մոմերի լույսը:
Այս տարի առանձնահատուկ ակտիվ էին երիտասարդներն ու հատկապես նորաստեղծ ընտանիքները։ Շատ զույգեր, ձեռք ձեռքի բռնած, մոտենում էին խարույկին՝ իրենց ընտանիքի համար խաղաղություն ու օրհնություն հայցելով։ Ըստ ժողովրդական ավանդության՝ կրակի վրայով ցատկելը խորհրդանշում է մաքրություն, փորձությունների հաղթահարում և նոր կյանքի սկիզբ։ Եկեղեցու բակում կազմակերպվել էր նաև հյուրասիրություն, ներկաները հնարավորություն ունեցան շուրջպար բռնել, պարել և ուրախանալ։
Տոնակատարությանը հետևում էին նաև այլազգի մարդիկ, ովքեր հետաքրքրությամբ նայում և նկարում էին իրենց համար այդքան անսովոր տոնակատարությունը:
Տեառնընդառաջը Հայ Եկեղեցու տերունական տոներից է, և հիշատակում է քառասնօրյա Հիսուսի ընծայումը Տաճարին։ Տոնի աստվածաբանական հիմքում ընկած է հետևյալ խորհուրդը: Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն՝ ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս մանուկ Հիսուսին: Այստեղից էլ առաջացել է «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
Թբիլիսիում Տեառնընդառաջը ոչ միայն եկեղեցական արարողություն է, այլև համայնքային համախմբման առիթ։ Այս տարվա տոնակատարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բազմազգ քաղաքի հայկական համայնքը շարունակում է պահպանել իր հավատքն ու ավանդույթները՝ փոխանցելով դրանք նոր սերնդին։








