Ախալքալաքի Սանապիրո (Նաբերեժնայա) փողոցի բնակիչները կապ են հաստատել Jnews-ի հետ՝ բարձրաձայնելով փողոցի գիշերային լուսավորության խնդիրը։ Սակայն Jnews-ին վստահեցրին Ախալքալաքի քաղաքապետարանի ներքո գործող Սպասարկման կենտրոնից, որ այսօրվանից սկսել են փչացած լապտերները փոխարինել նորերով։
Բնակիչների խոսքով՝ արդեն շուրջ 15 օր է, ինչ փողոցի լամպերը չեն աշխատում։
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու և հնարավոր լուծումների մասին տեղեկանալու նպատակով մենք կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքապետարանի Սպասարկման կենտրոնի հետ։
Սպասարկման կենտրոնի ղեկավար Մխիթար Ռստակյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
«Հենց այսօր ենք սկսել լամպերը փոխելու աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ունենք 64 գյուղ, և աշխատանքները կազմակերպում ենք հերթականությամբ, որպեսզի կարողանանք ժամանակին սպասարկել նաև քաղաքը։ Սանապիրո (Նաբերեժնայա) փողոցից ենք սկսել աշխատանքները», — նշեց նա։
Ռստակյանի խոսքով՝ քաղաքապետարանը կատարում է ստուգում և գնահատում, որից հետո համապատասխան հաշիվները փոխանցվում են իրենց։ Լուսավորության համակարգի փոխարինման աշխատանքները կատարվում են կիսամյակով՝ երկու կամ երեք ամիսը մեկ։
«Գյուղերի աշխատանքներն ավարտեցինք, և երկու օրվա ընթացքում կավարտենք նաև քաղաքում իրականացվող աշխատանքները», — հավելեց Ռստակյանը։
Նշենք, որ քաղաքի մի քանի այլ բնակիչներ ևս հաստատել են՝ նմանատիպ խնդիրներ առկա են նաև քաղաքի այլ փողոցներում։


